Դժվար կյանքս ու խաբված սերերս են, որ ինձ դարձրին այն, ինչ կամ. այսօր հայ մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է
22-05-2021 17:00:05 | Հայաստան | Մշակույթ
Մայիսի 22-ը հայազգի մեծանուն երգիչ, կոմպոզիտոր, բանաստեղծ, դերասան, Հայաստանի Ազգային հերոս Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է: Այսօր նա կդառնար 97 տարեկան:
Յուրաքանչյուր հայի և յուրաքանչյուր ֆրանսիացու համար Շառլ Ազնավուրը մարմնավորում էր կապը մեր երկու երկրների միջև:
Ամենածանր պահերին Շառլ Ազնավուրը մոբիլիզացրել էր Ֆրանսիան ի նշան զորակցության Հայաստանին և օժանդակել բազում կապերի հաստատմանը երկու երկրների միջև:
Նրա արվեստը նվաճեց բոլոր սերունդներին, իսկ երգերը սահմաններ հատեցին հասանելի դարձնելով ֆրանսերեն լեզուն բոլորի համար: Նրա երգերի բառերը և պեոզիան կշարունակեն ուղեկցել մեզ:
Ազնավուրը Ազնավուրի մասին (հատված նախաբանից)
Իմ ճանապարհը հեշտ ու հանգիստ չի եղել: Շատ դառնություններ եմ ճաշակել այդ ճանապարհին՝ երեսիս փակված դռներ, հեգնանքով ու արհամարհանքով լի ժպիտներ, կատակի տակ քողարկված չարախոսություններ. «Մի՛ համառեք», «Ոչինչ չունենք ձեզ համար», «Թողեք ձեր հասցեն, կգրենք», «Ամեն պատահական մարդու վրա ժամանակ չունենք կորցնելու»… Այս և նման այլ արտահայտություններ: Ես ճաշակել եմ այդ բոլորը:
Շատերի նման կուլ եմ տվել թուքս, զսպել արցունքներս ու կուչ եկել:
Շատերի նման մտածել եմ, որ գուցե ավելի լավ կլիներ ոչինչ չասել:
Շատերի նման զայրույթից պոռթկացել եմ երբեմն, կոպտել եմ, կոպտել են ինձ:
Կասկածն ու հուսահատությունը, չհասկացված լինելու ու բախտ չունենալու զգացողությունը հաճախ են գետնել ինձ: Բայց ցավս թաքցրել եմ, քաշվել եմ պատյանիս մեջ և ուժ հավաքել դիմանալու, պաշտպանվելու համար:
Քաղցը, ցուրտը, հոգնածությունը, զսպված արցունքն իմ ճանապարհի անբաժան ընկերներն են եղել:
Կանայք, որոնց միշտ ամեն ինչից վեր եմ դասել, սիրել են ինձ, խաբել, պաշտել, լքել: Բայց հեռանալուց առաջ երջանկության պատրանքներ են տվել ինձ:
Ուստի, ես ինձ ո՛չ զոհ եմ համարում, ո՛չ էլ սուրբ: Հաճախ ես նույնն եմ փոխհատուցել նրանց, քանի որ ես էլ, մյուսների նման, մարդ եմ: Ես էլ իմ հերթին, հաճախ եմ նրանց արցունքների մեջ թողել: Գնահատել չիմանալով սերը՝ վազել եմ վաղանցիկ սերերի հետևից:
Խաբել եմ, նախքան կխաբեին ինձ, այսպիսով խաբել եմ ինքս ինձ… Ի՜նչ արած, այդ է կյանքը, այդ է սերը…
Բայց այս մասին չէ, որ ուզում եմ խոսել, ու պատճառն այն չէ, հավատացեք ինձ, որ ուզում եմ թաքցնել կյանքիս մութ անկյունները, ո՛չ: Ես պարզապես չեմ ուզում ձեզ մասնակից դարձնել իմ հույզերին ու տխրություններին: Հաջողության հասած մարդը չպետք է իր անցած ծանր օրերի սրտաճմլիկ նկարագրությունն անի:
Անչափ շնորհակալ եմ Աստծուց, որ ինձ անցկացրեց այդ բոլոր փորձությունների միջով, երազելու և այդ երազն ապրելու հնարավորություն տվեց ինձ:
Ի վերջո, դժվար կյանքս ու խաբված սերերս են, որ ինձ դարձրին այն, ինչ կամ, ու համարձակվում եմ ասել, թող սա ինքնագովություն չթվա, ես ինձ դուր եմ գալիս:
Եթե ինձ վիճակվեր կրկին ապրել, ապա այդ բոլորը նորից կապրեի նույնությամբ: