Հարձակումը Հայաստանի վրա հարձակում է Ռուսաստանի վրա. անհավանական է, որ ՌԴ-ն իր պայմանագրային պարտավորությունները չկատարի. Փաշինյան


Հարձակումը Հայաստանի վրա հարձակում է Ռուսաստանի վրա. անհավանական է, որ ՌԴ-ն իր պայմանագրային պարտավորությունները չկատարի. Փաշինյան

  • 26-05-2021 18:04:49   | Հայաստան  |  Քաղաքական

Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց, թե վերջինս ունի՞ արդյոք մտավախություն, որ եթե Հայաստանը պատժիչ գործողություններ իրականացնի մեր երկրի սահմանը հատած ադրբեջանական զինված ուժերի դեմ` ըստ օրենքի և ըստ տրամաբանության, այնուհետև ՌԴ-ի կամ ՀԱՊԿ-ի զորքերը չեն ցուցաբերի անհրաժեշտ օգնությունը` խախտելով իրենց պայմանագրային պարտավորությունները: 
 
Պատգամավորի հարցին Փաշինյանը քմծիծաղով պատասխանեց. «Դուք նկատի ունե՞ք, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը կամ Ռուսաստանի Դաշնությունը իրենց պարտավորությունները չկատարե՞ն... Գիտեք, այդպիսի բան ո՞նց է հնարավոր, դա նշանակում է այդ կազմակերպությունը կամ որևէ երկիր հայտարարի ինքնալուծարման մասին , ասենք եթե ինքն իր միջազգային պարտավորությունը չի կատարում, ո՞նց եք հնարավոր համարում... Ես ուզում եմ հստակ ասել, որ ՌԴ նախագահը կարծեմ նաև հրապարակային հայտարարել է և մեզ հետ, ինձ հետ աշխատանքային քննարկումների ժամանակ... ասեմ ավելին` վերջին 7 ամիսներին սա մեր քննարկման հիմնական թեման է եղել, և ՌԴ դիրքրոշումը եղել է, կա և մնում է  այն, որ ՀՀ սահմանը կարմիր գիծ է ՌԴ-ի համար, և ցավալի փաստ է , որ Ադրբեջանն այդ կարմիր գիծը հատել է: Ես անհավանական եմ համարում, որ ՌԴ-ն իր պայմանագրային պարտավորությունները չկատարի: 
 
Պայմանագրային պարտավորությունների ամբողջ իմաստն այն է , որ հարձակումը ՀՀ վրա հարձակում է ՌԴ վրա, դա գրված է թղթին, և եթե որևէ մեկը անպատիժ կարող է հարձակվել ՀՀ-ի վրա, նշանակում է ցանկացած մեկը անպատիժ կարող է հարձակվել ՌԴ-ի վրա, դուք այնպիսի բան եք ասում, այդպիսի բանը բացառված է»,- ասաց Փաշինյանը: 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական