Ես հայտարարել եմ, որ չկա այդպիսի տարբերակ, որ մենք որևէ փաստաթուղթ ստորագրենք առանց զորքերի դուրսբերման: Մենք առաջարկել ենք երկու տարբերակ՝ կամ ադրբեջանական զորքերը դուրս են բերվում, որից հետո տեղի է ունենում համաձայնեցված թղթի ստորագրումը, կամ ստորագրված թղթի մեջ հստակ ձևակերպվում է, թե քանի օրվա ընթացքում և ուր են դուրս գալիս, որտեղից են գնում Ադրբեջանի զորքերը:
Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Դեռ այն ժամանակ, երբ փաստաթուղթը չէր հրապարակվել, չէր արտահոսել, մենք երկու գրավոր առաջարկ ենք ներկայացրել դրա բովանդակության վերաբերյալ՝ գերիների ամբողջական վերադարձի վերաբերյալ, և երկրորդը՝ տվել ենք կոորդինատներ, թե Ադրբեջանի զորքերը որ կոորդինատներից անդին պետք է լինեն: Այդ պահից սկսած ոչ մի արձագանք չենք ստացել: Այսինքն՝ այդ պահից սկսած որևէ նոր բան տեղի չի ունեցել»,-ասաց նա:
Փաշինյանն ընդգծեց, որ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները պետք է դուրս գան Հայաստանի տարածքից, այլ տարբերակ չի քննարկվում և չի կարող քննարկվել: