Հայաստանը կհայտնվի «World Travel Awards»-ի նոր անվանակարգերում


Հայաստանը կհայտնվի «World Travel Awards»-ի նոր անվանակարգերում

  • 10-06-2021 14:23:30   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Կնքվել է համագործակցության պայմանագիր «Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամի և «World Media & Events»-ի միջև:
 
Երևան։ Հունիսի սկզբին համագործակցության պայմանագիր կնքվեց «Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամի և «World Media & Events»-ի միջև Հայաստանի զբոսաշրջության ոլորտի, տուրիստական ենթակառուցվածքների և ոլորտի մասնագետների կարողությունները զարգացնելու նպատակով։ 
 
Սույն պայմանագրով TUF հիմնադրամը, որը միտված է Հայաստանում սոցիալ-տնտեսական զարգացմանը՝ զբոսաշրջային և քաղաքաշինական նախաձեռնությունների միջոցով և Հայաստանում տուրիստական շղթաների ապակենտրոնացված մոդելի ձևավորմամբ, կսկսի նոր համագործակցություն «World Media & Events»-ի հետ, որը գործարկում է Զբոսաշրջության համաշխարհային մրցանակաբաշխությունը (World Travel Awards)։ Վերջինս հիմնադրվել է 1993 թ․-ին՝ ճամփորդության, զբոսաշրջության և հյուրընկալության ոլորտների ճանաչման, պարգևատրման և տոնակատարության համար։ 
 
Այս համագործակցության շրջանակում TUF հիմնադրամը կազմակերպել էր Զբոսաշրջության համաշխարհային մրցանակաբաշխության հիմնադիր և տնօրեն Գրեմ Քուքի այցը դեպի Հայաստան։ Իր եռօրյա այցի ընթացքում Գրեմ Քուքն այցելեց Հայաստանի ամենադիտարժան և զբոսաշրջային գրավչություն ունեցող վայրերը՝  Գառնի, Գեղարդ, Դիլիջան, Տաթև, ինչպես նաև Երևանում Ցեղասպանության թանգարան և Մատենադարան։ Նա մասնակցեց նաև Երևանի Գինու Օրերին։ 
 
«Այս համագործակցությունը հնարավորություն կտա Հայաստանին հայտնվել մի նոր մակարդակում և դառնալ ավելի տեսանելի միջազգային զբոսաշրջության ոլորտում, հայկական մշակույթն ու տեսարժան վայրերը ընդգրկել Զբոսաշրջության համաշխարհային մրցանակաբաշխության անվանակարգերում։ Բացի այդ մենք համաձայնություն ձեռք բերեցինք 2022թ․-ին Հայաստանում գինու և խոհարարական օրերի միջազգային փառատոն կազմակերպել և այդ ուղղությամբ սկսել աշխատանքներ տանել»,-ասում է «Զբոսաշրջության և քաղաքաշինության» (ТUF) բարեգործական հիմնադրամի տնօրեն Ելենա Աբովյանը։ 
 
Համագործակցության նպատակն է բարձրացնել Հայաստանում ներգնա տուրիզմի մակարդակը, բարելավել Հայաստանի դիրքը՝ որպես տուրիստական ուղղություն համաշխարհային զբոսաշրջային շուկայի համար, ամրապնդել զբոսաշրջության և հարակից ոլորտներում մասնագիտական համայնքի միասնությունը, բարելավել տուրիզմի և հյուրընկալության մասնագիտությունների և աշխատատեղերի իմիջը, զարգացնել զբոսաշրջության ոլորտի մասնագետների կարողությունները, աջակցել պետական գործակալություններին` համապատասխան հանրային քաղաքականության մշակման և Հայաստանում զբոսաշրջության զարգացման ռազմավարության իրականացման, ինչպես նաև կիրառելի օրենքների և կանոնակարգերի մշակման և կատարելագործման համար:
 
«Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամի մասին
«Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամը 2020 թ. հուլիսից ստանձնել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի զբոսաշրջության և քաղաքաշինության զարգացմանը միտված բոլոր ծրագրերը (Դիլիջան, Տաթև, Արցախ և Երևան)։ Հիմնադրամը մշակում է զբոսաշրջային և քաղաքաշինական նորարար ծրագրեր, խթանում տարածքային կայուն զարգացումը ու դիրքավորում Հայաստանը համաշխարհային քարտեզի վրա՝ որպես մրցունակ զբոսաշրջային երկիր։
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն