Լիբանանահայ գերին Բաքվի դատարանում իր վերջին խոսքում խնդրել է արդարացնել իրեն. կհրապարակվի վճիռը

11-06-2021 15:00:18   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



 
Հայկական ժամանակ. Այսօր Բաքվի Յասամալի շրջանային դատարանի վարչական շենքում շարունակվում է ղարաբաղյան պատերազմի ժամանակ գերեվարված լիբանանահայ Վիգեն Էուլչեկջյանի՝ շինծու քրեական գործով դատական նիստը:
 
Դատավարությանը, որը վարում է դատավոր Էլբեյ Ալլախվերդիևը, ամբաստանյալի պաշտպանը ելույթ է ունեցել: Փաստաբանը խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին:
 
Դրանից հետո մեղադրյալ տղամարդը, որին որպես վարձկան ահաբեկիչ է ներկայացնում Ադրբեջանը, վերջին խոսքն է հայտնել դատարանում՝ խնդրելով արդարացնել իրեն:
 
Դատավորների խորհուրդը հեռացել է՝ դատավճիռ կայացնելու համար: Դատավճիռը կհրապարակվի հունիսի 14-ին:
 
Պետական դատախազը ելույթ է ունեցել Էուլչեկջյանի գործով նախ
որդ դատական նիստին: Իր խոսքում դատախազը մեղադրյալի համար պահանջել է 20 տարվա ազատազրկում:
 
Լիբանանի քաղաքացին մեղադրվում է Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի հատելու, որպես վարձկան՝ ռազմական բախումներին կամ ռազմական գործողություններին մասնակցելու, ահաբեկչություններ կազմակերպելու համար: Դատարանի որոշմամբ՝ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
 
Հայ հանրությանը հայտնի է, որ 2015-ին Էուլջեքչյանը ստացել է Հայաստանի քաղաքացիություն, 2019-ին նա նախ տեղափոխվել էր Երևան, ապա՝ Շուշի, վերաբնակեցման ծրագրով: 2020 թվականի
նոյեմբերի 10-ին ադրբեջանական զինծառայողները գերի էին վերցրել Վիգենին ու նրա հետ մեքենայում եղած Մարալ Նաջարյանին, որի հետ Էուլչեկջյանը 9 տարի քաղաքացիական ամուսնության մեջ է եղել: Ավելի ուշ Նաջարյանը ռուսական կողմի միջնորդության շնորհիվ ազատ էր արձակվել ու վերադարձել Լիբանան:
 
Էուլչեկջյանի գործով կա ընդամենը մեկ վկա՝ նույն Մարալ Նաջարյանը, որի տված  «ցուցմունքի», ինչպես նաև «Վիգենի ինքնախոստովանական ցուցմունքի» վրա է հենց կառուցվել մեղադրանքը:
 
Էուլչեքջյանը պնդում է, որ չի կռվել Ղարաբաղում, իսկ խրամատներում պարզապես լուսանկարվել է, իսկ ձեռքին եղած զենքով առհասարակ չի կրակել: Հենց այդ նկարներ են հայտնաբերվել Վիգենի հեռախոսում գերեվարվելու ժամանակ: Անցնող մի քանի դատական նիստերի ժամանակ Վիգենը մի քանի անգամ ցուցմունք է տվել, դատավորն ու մեղադրող դատախազն էլ գտել են, որ վերջինս շատ տեղեկություններ թաքցնում կամ սխալ է մատուցում, քանի որ խոսքերում հակասություններ են տեսել: Էուլչեկջյանը, ի պատասխան, պնդել է, որ մեղավորը ադրբեջաներենի թարգմանիչն է, որը խեղաթյուրում է իր խոսքերը: Դատարանը, սակայն, վերջինիս պնդումն արժանահավատ չի համարել:
 
Վիգեն Էուլչեկջյանը գերեվարվել էր Շուշիի մոտ հրադադարի մասին հայտարարությունից մեկ օր անց։ 2020 թ. նոյեմբերի 10-ին Մարալ Նաջարյանի հետ Վիգենը մեկնել էր Արցախ, որպեսզի իր իրերը վերցներ Շուշիի հյուրանոցից: Նրանց կանգնեցրել են ադրբեջանական զորքերը և ավտոբուսով տեղափոխել Բաքու։
 
Մարալ Նաջարյանն ազատ էր արձակվել 2021-ի մարտին, Վիգենը դեռ գերության մեջ է, Ադրբեջանը նրան ներկայացնում է որպես ռազմական հակամարտությանը մասնակցող վարձկան:
 
Միջազգային Կարմիր խաչի ներկայացուցիչներին միայն 2021 թվականի փետրվարին էր թույլատրվել բանտում այցելել Վիգենին: ԿԽՄԿ-ն նպաստել է նրա եւ Բեյրութում նրա ընտանիքի պարբերաբար հաղորդակցությանը, նամակների փոխանակմանը: Ապրիլին Վիգենին հինգ ամսվա ընթացքում առաջին անգամ թույլատրել են զանգել ընտանիքին: Նա նրանց ասել է, որ իրեն լավ են վերաբերվում, որ իր փաստաթղթերը կվերանայվեն՝ երեք ամսից իրեն ազատ արձակելու համար։
 
Այս հույսերը փլուզվել են, երբ մայիսի 5-ին՝ դրանից մի քանի շաբաթ անց, Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ Վիգեն Էուլչեկջյանի հետաքննությունն ավարտված է, եւ նրա գործը ուղարկվել է դատարան՝ մեղադրական եզրակացությամբ:
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 412 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար