Հայաստանյան եպիսկոպոսները հանդես են եկել Հայաստանի ներքաղաքական զարգացման վերաբերյալ հայտարարությամբ

11-06-2021 16:22:44   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Հունիսի 10-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Հայաստանի եպիսկոպոսների խորհրդակցություն, որի ընթացքում շոշափվել են մեր հայրենական կյանքի ներկա իրավիճակին առնչված հարցեր: Խորհրդակցության ավարտին ընդունվել է հետևյալ հայտարարությունը․ Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգից: 
 
«Քննարկելով մեր հայրենիքի ու ժողովրդի առջև ծառացած մարտահրավերները՝ խորը մտահոգություն ենք հայտնում Հայաստանի ներքաղաքական կյանքում, արտահերթ խորհրդարանական ընտրությունների այս շրջանում արձանագրվող մի շարք դատապարտելի երևույթների առնչությամբ։ 
 
Հունիսի 7-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավի առաջին իսկ օրից տեղ գտած ատելության խոսքը, վարկաբեկիչ և վիրավորական արտահայտությունները, հայհոյելու, հաշվեհարդարներով ու բռնությամբ
սպառնալու վարքագիծը, ցավոք, մեր հասարակությանը կարող է կանգնեցնել այնպիսի կացության առջև, որի ահագնացման պարագայում անխուսափելի պիտի դառնան անհանդուրժողության, ատելության և թշնամանքի հողի վրա քաղաքացիական բախումները։
 
Արդարացում չունեն և դատապարտելի են բոլոր այն քայլերը, որոնք պառակտում և բևեռացնում են պատերազմի ցավերը դեռ չամոքած մեր հասարակությանը։ Անառարկելի ճշմարտություն է՝ չար սերմը երբեք չի կարող բարի պտուղ տալ, և ինքն իր մեջ բաժանված ամեն տուն՝ կանգուն մնալ (հմմտ․ Մատթ․ ԺԲ 25)։  
 
Նժարի վրա է դրված հայրենիքի ապագան։ Հարկ է հայրենասիրություն, նախանձախնդրություն ու հետևողականություն դրսևորել հայրենիքի շուրջ մեր ժողովրդի միասնական տեսլականի ձևավորման գործում, որպեսզի յուրաքանչյուրը պատիվ համարի խոնարհվելը այդ տեսլականի իրագործման լծի ներքո։ Դա է նվազագույն գինը, որ կարող ենք վճարել բոլոր ժամանակների մեր նահատակ զավակների անձնազոհության դիմաց։ Այս գիտակցությունը պետք է գերակայի մեր երկրում և ուղիներ հարթի առկա խնդիրների հաղթահարման։
 
Այսու կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին, այդ թվում հատկապես իշխող կուսակցությանը, զերծ մնալու անպատշաճ խոսվածքից ու պահվածքից։ Բազմադարյա հարուստ մշակույթ և բարձր արժեքներ կերտած
մեր ժողովրդին անհարիր են այդպիսի դրսևորումները, որոնք նսեմացնում են մեր ազգային նկարագիրն ու վարկը։ Մի՛ եղեք չարի սերմնացաններ և անընդունելի վարքագծով  գայթակղություն մի՛ դարձեք քրիստոնյա մեր ժողովրդի համար։ 
 
Աղոթում ենք, որ Տերը Իր Սուրբ Աջի հովանու ներքո խաղաղության մեջ պահի մեր երկիրը՝  պարգևելով իմաստություն համայն մեր ժողովրդին՝ սիրո և համերաշխության մթնոլորտում արարելու իր վաղվա օրը»։
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 107 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար