Պայքարել ենք մինչև այն կետը, մինչև որն իմաստ ուներ պայքարել. Փաշինյան

11-06-2021 18:09:21   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ Արցախի պատերազմի ընթացքում պայքարը շարունակվել է մինչև
այն կետը, մինչև որն իմաստ է եղել պայքարել, պրոցեսը դադարեցվել է միայն այն ժամանակ, երբ պարզ է դարձել, որ պայքարը շարունակելը հիմնավորումներ չունի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց քարոզարշավի շրջանակում Բերդավան համայնքում քաղաքացիների հանդիպմանը:
 
Նա նկատեց՝ նոյեմբերի 9-ից հետո ամենաշահարկված թեմաներից մեկը կապ ունի Նոյեմբերյանի հետ: «Լեգենդներ են հորինել, թե ես իբր ստորագրում էի թղթեր, անկլավ կամ տարածքներ էի տալիս, վերջին պահին ինչ-որ մարդիկ եկան, ձեռքիցս բռնեցին»,-ասաց Փաշինյանը՝ վստահեցնելով, որ դրանք բոլորը հեքիաթներ են:
 
«Գալիս են պահեր, երբ ինչ-որ մեկը պետք է իր վրա վերցնի պատասխանատվություն և անի կոնկրետ քայլեր: Ես խոնարհվում եմ մեր բոլոր զոհերի առաջ, բայց նաև ուզում եմ ընդգծել, որ այս ընթացքում՝ քարոզարշավի ընթացքում, տասնյակ, եթե ոչ հարյուրավոր մայրերից շնորհակալություն եմ ստացել, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրել եմ: Դուք բոլորդ պետք է իմանաք, որ մենք այդ դրվագում պայքարել ենք մինչև այն կետը, մինչև որն իմաստ ուներ պայքարել: Այն պահին, երբ տեսել ենք, որ այդ պայքարն այլևս շարունակելը չունի այն հիմնավորումները, որ պետք է ունենա, մենք դադարեցրել ենք այդ պրոցեսը»,-ասաց Փաշինյանը:
 
Նա հավելեց՝ չի կարող ասել, թե ուրախ է, որ այդ պատասխանատվությունը վերցրել է, սակայն այդ իրավիճակում այդ քայլը պետք է արվեր: Փաշինյանը շեշտեց, որ այդ քայլը անելու արդյունքում տասնյակ հազարավոր զինվորների կյանքեր ենք փրկել: Նա նշեց, որ սակայն անվտանգությունը շարունակում է  մնալ կառավարության առաջնային խնդրիրը:
 
Արտաքին անվտանգության ապահովման համար Փաշինյանն ամենակարևոր ուղղություններից մեկը համարեց արտաքին քաղաքականությունը, դիվանագիտական հարաբերությունները, հարաբերությունները ռազմավարական գործընկերների հետ: Փաշինյանը հավելեց, որ դիվանագիտական առումով մեթոդը հետևյալն է՝ Հայաստանի շուրջ հնարավորինս բարենպաստ միջավայր ստեղծելը:
 
«Մեր տեսլականն այն է, որ այն, ինչ մեր վերահսկողության տակ է, պետք է շարունակի մնալ մեր վերահսկողության տակ: Բայց մյուս կողմից՝
և Նոյեմբերյանի, և Իջևանի, և Բերդի հատվածում կան Հայաստանի գյուղերին պատկանող հազարավոր հեկտարներով հողեր, որոնք պատերազմից հետո գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ»,-ասաց Փաշինյանն ու կարևորեց այդ թեմաների բարձրաձայնումը՝ իրավունքները պատշաճ ձևով պաշտպանելու համար:
 
Նա բերեց Բերքաբեր գյուղի օրինակը: Գյուղի վարելահողերի 99 տոկոսը Ադրբեջանի հսկողության տակ է և այդ գյուղն ըստ էության վարելահողեր չունի: Միայն Տավուշից հազարավոր հեկտարներով հողեր գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ:
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 140 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար