Արխիվային վավերագրերի ու նյութերի ցուցահանդեսի բացում և «Խորհրդային Հայաստան 100. Եկեղեցին և Պետությունը» խորագրով գիտաժողով Մայր Աթոռում

11-06-2021 20:46:55   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն


Հունիսի 11-ին Մայր
Աթոռ Սուրբ Էջմիածնում, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և
Ամենայն Հայոց Կաթողիկոսի, նախաձեռնությամբ Մայր Աթոռի Արխիվի և աջակցությամբ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի տեղի ունեցավ արխիվային վավերագրերի ու նյութերի ցուցահանդեսի բացում և «Խորհրդային Հայաստան 100. Եկեղեցին և Պետությունը» խորագրով գիտաժողով: Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգից: 
 
Ցուցահանդեսին ներկայացված էին գիտաժողովի թեմային առնչվող արխիվային վավերագրեր, նյութեր, գրքեր, ինչպես նաև Հայաստանի ազգային պատկերասրահի կտավներից մեկը՝ որպես Խորհրդային Հայաստանի գեղարվեստի տիպական ստեղծագործություն:
 
Գիտաժողովը սկսվեց Տերունական աղոթքով և Մայր Աթոռի Արխիվի և  թանգարանների տնօրեն Տ. Ասողիկ աբեղա Կարապետյանի բացման խոսքով: Ներկաներին ողջունեցին նաև «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար դոկտոր Թոմաս Շրափելն ու Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։
 
Գիտաժողովի առաջին մասում, որ կրում էր «Խորհրդայնացումից ազգային պետություն» վերնագիրը, բանախոսություններով հանդես եկան պ․գ․թ․Ավագ Հարությունյանը («Կրոնական քաղաքականությունը Խորհրդային Հայաստանում 1920-1930-ական թվականներին»), պ․գ․դ․ Ամատունի Վիրաբյանը («Խորհրդային Հայաստանի ղեկավարները և նրանց վերաբերմունքը Եկեղեցու նկատմամբ 1920-1930-ական թվականներին»), պ․գ․թ․ Գոհար Ավագյանը («ՀԽՍՀ-ում Եկեղեցու և այլ կառույցների գործունեությունն ի նպաստ Հայրենիք-Սփյուռք կապերի հաստատման (1921-1945 թթ․)») և Մայր Աթոռի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանի տնօրեն Տ․ Արարատ քահանա Պողոսյանը («Խորհրդային Միությունում հայկական եկեղեցիների վերաբացման հարցը 1945-1960 թթ․»)։
 
Գիտաժողովի «Ազգային զարթոնքից Անկախություն» վերնագիրն ունեցող երկրորդ հատվածում զեկույցներ ներկայացրեցին ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պ․գ․դ․, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը («Ազգային վերածնունդը և Հայ Եկեղեցին 1960-ական թթ․»), արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանը («Խորհրդային Հայաստանի արվեստը և մշակույթը»), Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանը («1920 թ․ պատմական կոմպրոմիսը») և «Արմենպրես» պետական լրատվական գործակալության տնօրեն, պ․գ․թ․ Արամ Անանյանը («Պատմության վերաիմաստավորումը․ Խորհրդային Հայաստանի պատմության ուսումնասիրությունը ներկայի համապատկերում»)։
 
 Զեկուցումների ավարտին ներկայացված նյութերի շուրջ տեղի ունեցան քննարկումներ: 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 91 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար