Պաշտպանության նախարարը հայ ռազմագերիների խնդիրը քննարկել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարի հետ


Պաշտպանության նախարարը հայ ռազմագերիների խնդիրը քննարկել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարի հետ

  • 11-06-2021 20:21:17   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հունիսի 11-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի գլխավորած պատվիրակությանը: 
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են 2020թ. սեպտեմբերին Արցախի դեմ շփման գծի ամբողջ երկայնքով սանձազերծած թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով անհայտ կորած և գերության մեջ հայտնված անձանց ճակատագրերը պարզելուն ուղղված հարցերին:  Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: 
 
Վաղարշակ Հարությունյանը ԿԽՄԿ-ի երևանյան գրասենյակի ղեկավարին է  հայտնել ՀՀ պաշտպանության նախարարության մտահոգությունը ադրբեջանական իշխանությունների կողմից մինչ օրս ռազմագերիների և քաղաքացիական անձանց իրական թվի քողարկման և այս՝ բացառապես հումանիտար բնույթ կրող հարցը քաղաքական շահարկումների առարկա դարձնելու փորձերի վերաբերյալ: Նշվել է, որ նման գործելաոճը  հանդիսանում է միջազգայնորեն ամրագրված իրավունքների, մասնավորապես՝ միջազգային մարդասիրական իրավունքի, ինչպես նաև 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ համատեղ հայտարարության դրույթների շրջանակներում Ադրբեջանի կողմից ստանձնած հանձնառությունների կոպտագույն խախտում: 
 
Վաղարշակ Հարությունյանը միաժամանակ երախտագիտություն է հայտնել  ԿԽՄԿ-ի երևանյան գրասենյակի ղեկավարին Ադրբեջանի իրավազորության տակ հայտնված հայազգի անձանց իրավունքների պաշտպանության գործում պատվիրակության կողմից  գործադրվող ջանքերի համար, նշել, որ Ժնևյան կոնվենցիաները երաշխավորում են ռազմագերիների իրավունքների պաշտպանությունը, նրանց պատվի և արժանապատվության նկատմամբ հարգանքի իրավունքը, որը պետք է բացառի ցանկացած տեսակի նվաստացնող վերաբերմունք: 
 
Թիերի Ռիբոն իր հերթին հավաստիացրել է, որ ԿԽՄԿ պատվիրակությունն իրականացնում է բոլոր անհրաժեշտ քայլերը՝ անհայտ կորած անձանց ճակատագրերի, ինչպես նաև ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերաբերյալ տեղեկատվության պարզաբանման ուղղությամբ: 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play