Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Միխայիլ Միշուստինին՝ Ռուսաստանի օրվա առթիվ


Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Միխայիլ Միշուստինին՝ Ռուսաստանի օրվա առթիվ

  • 12-06-2021 10:11:44   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ:
 
«Հարգելի Միխայիլ Վլադիմիրի,
 
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և ՌԴ ժողովրդին՝ Ռուսաստանի օրվա առթիվ:
 
Ռուսաստանի բազմադարյա պետականության պատմության մեջ այս տոնը խորհրդանշում է երկրի քաղաքական և սոցիալ-տնտեսական ոլորտներում համակարգային վերափոխումները, միջազգային ասպարեզում Ռուսաստանի դերի ամրապնդման ուղղությամբ հետևողական աշխատանքը:
 
Հայ-ռուսական դաշինքը, որը հիմնված է մեր երկրների ժողովուրդների բարեկամական և եղբայրական դարավոր հարաբերությունների վրա, անփոփոխ կերպով դրսևորվում է ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ միջազգային, տարածաշրջանային և ինտեգրացիոն միավորումների շրջանակում:
 
Համոզված եմ, որ համատեղ ջանքերն այսուհետ ևս ուղղված կլինեն միջպետական հարաբերությունների ողջ համալիրի ընդլայնմանը՝  նպաստելով մեր երկրների զարգացմանը, տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովմանը:
 
Հարգելի Միխայիլ Վլադիմիրի,
 
Տոնական այս օրը մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և նոր հաջողություններ Ձեր պետական գործունեության մեջ, իսկ Ռուսաստանի ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն», - ասված է Նիկոլ Փաշինյանի ուղերձում:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն