Չի կարող բևեռացած հասարակությունն իրար նկատմամբ կառուցողական լինել. Քոչարյանը խոստանում է վերացնել թշնամանքը


Չի կարող բևեռացած հասարակությունն իրար նկատմամբ կառուցողական լինել. Քոչարյանը խոստանում է վերացնել թշնամանքը

  • 12-06-2021 12:44:12   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Արմենպրես.  Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանն արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի 6-րդ օրն այցելեց Լոռու մարզի Սպիտակ քաղաք: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, քաղաքացիների հետ հանդիպմանը նա հիշեց դեռևս նախագահության տարիներին Սպիտակ կատարած իր այցերը:
 
«Իմ հիշողությունը լավն է: Հիշում եմ յուրաքանչյուր դեմք Սպիտակում, նույնիսկ շինարարների դեմքերը, թե ով որ շենքն էր կառուցում: Եվ այդ աշխատանքների ծավալն ավելացնելու ամենամեծ խթանը եղել է հետևյալը՝ հաջորդ անգամ, երբ գամ, մարդկանց աչքերին ո՞նց եմ նայելու: Իմ համար նամուսի, պատասխանատվության հարց էր»,- նշեց Քոչարյանը:
 
Նա հայտարարեց, թե գործող կառավարությունը վերջին երեք տարիներին ոչինչ չի արել Սպիտակի համար: «Դուք ամսի 20-ից հետո տեսնելու եք մի կառավարություն, որի համար թասիբի հարց է լինելու ամեն անգամ այստեղ գալուց պարզերես նայել ձեր աչքերին և ասել, թե ինչ ենք արել»,- խոստացավ Քոչարյանը:
 
Նա հայտարարեց, որ գալիս են իշխանության՝ վերականգնելու երկրի անվտանգությունը, պաշտպանել սահմաններն ու ապահովելու տնտեսական վերելք, կանխելու արտագաղթը, ստեղծելու աշխատատեղեր՝ բոլորին ապահովելով բարեկեցիկ կյանքով:
 
«Մենք մեր հետ բերելու ենք հանգստություն: Ես դա ասում եմ բոլոր հանրահավաքների ժամանակ: Չի կարող բևեռացած, իրար նկատմամբ թշնամացած հասարակությունն իրար նկատմամբ կառուցողական լինել: Հնարավոր չէ ոչինչ անել, եթե մի բռունցքի պես չմիանանք և մեր առջև չդնենք՝ ունենալ բարեկեցիկ, զարգացող, ուժեղ Հայաստան»,- ասաց Քոչարյանը:
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը