Օնիկին վստահել եմ հարազատ եղբոր նման, ասածները երբեք կասկածի տակ չեմ առել. Նիկոլ Փաշինյան

12-06-2021 13:17:55   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը





Հայկական ժամանակ. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Տավուշի մարզի Աչաջուր համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ պատմեց իր եւ ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի հետ հարաբերությունների մասին:
 
Փաշինյանի խոսքով՝ ինքն ամենից շատ վախենում է
ր նրանից, որ Գասպարյանը նախկինների հետ ամուր կապ է ունեցել, սակայն Գասպարյանը նրան հանգստացրել է, ասելով, որ այդ թեմայով Փաշինյանը մտածելու բան չունի.
 
«Ես Օնիկին վստահել եմ հարազատ եղբոր նման: Ես իր ասածները երբեք կասկածի տակ չեմ դրել: Նույնիսկ ինքը երբ նշանակված էր ԳՇ պետ, հուլիսյան պատերազմի մասին ԱԱԾ-ն ինձ ասեց՝ դրվագ է եղել, ինքը քեզ սխալ է զեկուցել: Ես ասեցի՝ բացառված է, ինքն էլ ասեց՝ բացառված է, ես սխալ բան չեմ զեկուցել, ես էլ ասեցի քեզ եմ հավատում: Պատերազմի ժամանակ եղել են դրվագներ, երբ Արցախից մեր գործընկերները ասել են՝ էս դրվագը սենց ա, ես էլ ասել եմ՝ ինչ կասես, Օնիկ ջան: Եկել ենք այն եզրահանգման, որ պատերազմի ժամանակ ես պետք է լսեմ միայն իրեն, քանի որ ինքն ա ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը:
 
Նոյեմբերի 20-ին տեղի ա ունենում հետևյալը: Օնիկ Գասպարյանը գնում է Սյունիքի մարզ, հանդիպում է ունենում որոշակի շրջանակների հետ: Ինչ-ինչ պատճառներով ճանապարհին հեռախոսզրույց է ունենում Սերժ Սարգսյանի
հետ, այդ խոսակցության մեջ իմ մասին ասում են ամենավերջին բառերը, հետո պայմանավորվում են, որ իրար հետ պետք է հանդիպեն: Էդ իրիկունը Օնիկն ասում ա՝ ուզում եմ հանդիպենք, ասում եմ՝ արի: Հանդիպում ենք Կոնդի առանձնատանը: Ինքը ինձ ասում ա՝ որոշում կայացրու, հրաժարական տուր: Ես իրան հետևյալն եմ պատասխանում՝ Օնիկ ջան, քանի՞ օր ա չես քնել: Ինքը պատասխանում ա՝ երևի 4-5 օր: Ասում եմ՝ գնա, քնի հանգստացի, էս խոսակցությունը մոռանանք: Ասում եմ՝ Օնիկ, ես քեզ անվերապահորեն վստահել եմ, ուզում եմ էլի անվերապահորեն վստահել հաշվի առնելով բազմաթիվ հանգամանքներ: Հետո զգում եմ, որ քաղաքական ազդեցություններ կան Գլխավոր շտաբի վրա: Հետո ի հայտ են գալիս դրվագներ, որ ես հասկանում եմ՝ բաներ կան, որոնք ինձ ճիշտ չի զեկուցվել: Ճիշտ չզեկուցվելու արդյունքում ի հայտ են գալիս խնդիրներ: Ի վերջո ակնարկներ են լինում, որ ԳՇ-ն իմ հրաժարականը հնարավոր է պահանջի: Ես ասում եմ՝ Օնիկ ջան, եղբայր, չգիտեմ ինչքանով ես ինձ ճանաչում, բայց ինձ մոտ տենց բաները չեն անցնում»:
 
Փաշինյանը նաև հավելեց` Օնիկ Գասպարյանին այն աստիճան է անվերապահորեն վստահել, որ երբ վերջինս պատերազմի ընթացքում ասել է, որ շտաբի պետի տեղակալ Տիրան Խաչատրյանը միջոցներ է ձեռնարկում, որ հակագրոհ կազմակերպի, պետք է քաջալերել, ազգային հերոսի կոչում շնորհել, չի էլ քննարկել, միանգամից համաձայնել է:
 
«Էսօր Տիրան Խաչատրյանն իմ հասցեին ամենավերջին խոսքերն է ասում: Եթե Տիրան Խաչատրյանը թող իր կոչումից հրաժարվի, որովհետև եթե արժանապատիվ սպա է ու ինքը  համարում է, որ էն մարդը, որն իրեն հերոսի կոչման միջնորդությունը ստորագրել է ու էդ մարդը ոչ մի բան չի հասկանում, ուրեմն պետք է հրաժարավի այդ հերոսի կոչումից: Մենք բոլորս կհավատանք իր անկեղծությանը, որ պետական մտածումներ ունի»,-ասաց նա:
 
Շարունակելով, Փաշինյանն ասաց, լուրեր են տարածվում, թե  նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրելիս «մղվել է» նախնական տարբերակը ստորագրել, բայց դա Գասպարյանը կանխել է:
 
«Ասում են, թե Օնիկը թույլ չի տվել, որ ես էդ թուղթը էդ տարբերակով ստորագրեմ: Իրականությունը տարբեր ա: 10 մարդու ներկայացությամբ, որից մեկը էստեղ կանգնած ա (ցույց է տալիս Սուրեն Պապիկյանին), Օնիկն ասել ա , որ պետք է ստորագրել: Ես էդ ժամանակ էլ իրան չեմ մեղադրել, որ ինքը էդ դիրքորոշումն ունի: Ես ուղղակի ասել եմ ՝ բացառված ա, չեմ ստորագրելու: Եվ մենք միջոցներ ենք ձեռնարկել այդ մասերը դուրս են եկել փաստաթղթից: Ասել եմ ՝ ձեռքերս կկտրեմ, բայց էդ վերսիայով թուղթը չեմ ստորագրի: Ես հիմա ասում եմ ինչի՞ ա ինքը հակառակ լուրը տարածում: Հետևություններ եմ անում, որ ինքը կարող ա ուզում էր ես դա ստորագրեմ, քանի որ ինչքան վատ լինի այդ փաստաթուղթը, այդքան վատ քաղաքական պայթյուն կառաջացնի, ինչն էլ կքշի ու կտանի մեր կառավարությանը: Դուք պետք է իմանաք, որ ես իր հետ հարաբերություններում ոչ մի անազնիվ բան չեմ արել: Ես սա ասում եմ ձեզ համար, որ դուք ձեր հարցերի պատասխանները ունենաք»,-եզրափակեց Փաշինյանը:
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 152 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար