Ընտրակեղծիքների ու թալանի թեման քաղաքական ինդուստրիա է, ու ով ավելի հիստերիկ ու համոզիչ կերպով ճվճվա, նա էլ կտիրի երկրին. քաղաքագետ


Ընտրակեղծիքների ու թալանի թեման քաղաքական ինդուստրիա է, ու ով ավելի հիստերիկ ու համոզիչ կերպով ճվճվա, նա էլ կտիրի երկրին. քաղաքագետ

  • 12-06-2021 16:14:51   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Վերջին 25 տարում Հայաստանի քաղաքական դիսկուրսի առանցքն է եղել թալանի և ընտրակեղծիքների հարցն ու քաղաքական կյանքն այդ երկու գաղափարների վրա է ֆիքսված: Արդյունքում մենք տապալեցինք մեր պետությունն այդ կեղծ օրակարգի պատճառով: Իսկ հիմա ավելի կոնկրետ խոսենք:
 
Ընտրակեղծիքներն ու թալանը շատ վատ երևույթներ են ու դրանց դեմ պետք է պայքարել, կատարելագործելով իրավապահ համակարգը, սակայն հիմնական խնդիրը մեր արժեքային համակարգն է: Երբ հարյուր հազարավոր քաղաքացիներ ընտրակաշառք ենք վերցնում և մենք, ճնշող մեծամասնությունս, պատրաստ ենք մեր խնդիրները լուծել կաշառքի միջոցով, դա արդեն համընդահանուր արժեքային համակարգի խեղում է, այլ ոչ թե էլիտաների խնդիր: Ավելին, երբ կաշառքն ու անօրինականությունը դառնում են համընդհանուր, անարդար է անգամ պահանջել փողով հարցեր չլուծել, օրենք չշրջանցել,  որովհետև դա արդեն իսկ անարդար ու ոչ հավասար պայմաններ է ստեղծում օրինապահների ու ոչ օրինապահների միջև: Եթե կան կաշառակերներ ու կոռուպցիոներներ, նշանակում է կա նաև զանգվածային առաջարկ, առաջարկն ու պահանջարկը միմյանց ծնող ու սնող, միմյանց հետ օրգանապես միահյուսցած ամբողջություն է ու պետք չի ձևեր թափել, որ բոլորն ազնիվ են, իսկ իշխանությունը - անազնիվ: Սա դաժան է, բայց իրականությունն այդպիսին է: 
 
Բոլոր երկրներն էլ դրանով անցել են ու դրա դեմ պայքարը պետք է հստակ քաղաքականություն լինի՝ նաև մշակութաբանական, բայց դա չի նշանակում, որ պետք է երկիրը քանդել:
 
Մի բան է ընտրակեղծիքներն ու կոռուպցիան, այլ բան է պետական շահը, որը հարատև է: Մենք հարատև շահերը զոհաբերում ենք հանուն ժամանակավոր խնդիրների:
 
Եվրոպայի ամենաօրինապահ երկրներից մեկի, Ավստրիայի, կոռուպցիայի դեմ պայքարող կազմակերպություններից մեկի ղեկավարն ինձ ասել է, որ աշխարհի ամենակոռումպացված երկիրն Ավստրիան է: Իհարկե, դա չափազանցություն էր, Լյուքսեմբերգում ու Շվեյցիարյում են Եվրոպայի գլոբոլ փողերը լվացվում, Լոնդոնի մասին համեստորեն լռում ենք: 
 
Ընտրություններն էլ մանիպուլացնելու մասին բազմաթիվ գիտական աշխատություններ են Արևմուտքում արարվում: Այլ բան է, որ  շարքային քաղաքացիների համար արժանապատիվ կյանք են ապահովել ու վերևներում գործող լվացքատունը  հասարակ քաղաքացիները չեն էլ նկատում:
 
Հիմա վերադառնանք Հայաստանին, նորից պետական կարևորագույն խնդիրների փոխարեն առաջին պլան է մղվել ոչ առաջնային օրակարգը, որտեղ էժանագին պոպուլիզմի վարպետները մրցակից չունեն ու չեն էլ ունենալու, մինչև մենք մեր օրակարգը չփոխենք: Թալանի ու ընտրակեղծիքների թեման մտավոր ծուղակ է, որը ով խաղարկում է, դրանով իշխանության հայտ է ներկայացնում, մանիպուլացնելով մտավոր ծուղակի մեջ գտնվողներին: Դրանքով խնդիրը չի լուծվում, սակայն մենք արդյունքում չենք կարողանում ազգային լուրջ խնդիրները քննարկել:
 
Նրանք խաղարկելու են այդ թեմաներն, հենվելու են ամենաանհաջողակ մարդկանց վրա (որոնք իրենց անհաջողությունների մեջ միայն ուրիշներին են մեղադրում), ու արդյունքում կշարունակեն ոչնչացնել ամեն ինչ ու քարը քարի վրա չեն թողնելու: Ընտրակեղծիքների ու թալանի թեման քաղաքական ինդուստրիա է ու ով ավելի հիստերիկ ու համոզիչ կերպով ճվճվա, նա էլ կտիրի երկրին ու կանի իր սև գործն, արանց որևէ բան արարելու:
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play