Ընտրակաշառքով ժողովրդի կամքի վրա ազդեցություն գործողները հայտնվելու են ճաղերի հետևում. Նիկոլ Փաշինյան


Ընտրակաշառքով ժողովրդի կամքի վրա ազդեցություն գործողները հայտնվելու են ճաղերի հետևում. Նիկոլ Փաշինյան

  • 12-06-2021 16:00:01   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ճամբարակ համայնքում բնակիչների հետ հանդիպմանը նշեց, որ նախընտրական պրոցեսն ուղեկցվում է ընտրակաշառք տվողների ձերբակալություններով, հայտնում է «Արմենպրես»-ը: 
 
«Այդ ձերբակալությունները շարունակվելու են: Նրանք, ովքեր ընտրակաշառքով ժողովրդի կամքի վրա ազդեցություն են փորձում գործել, հայտնվելու են ճաղերի հետևում: Նրանք, որոնք փորձելու են ժողովրդի կամարտահայտման վրա ապօրինի ազդեցություն ունենալ, չեն մնալու իրենց տեղում՝ պաշտոններում: Ես կոչ եմ անում հունիսի 20-ին գնալ ընտրական տեղամաս և մեզ տրված թավշե մանդատը փոխարինել պողպատե մանդատով, որպեսզի ձեր անունից հաստատենք օրենքի և իրավունքի դիկտատուրա՝ ապահովելով բոլոր քաղաքացիների հավասարությունն օրենքի առաջ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
 
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ ժողովուրդը Հայաստանի Հանրապետությունում դարձել է գործոն: Ըստ նրա՝ ՀՀ քաղաքացուն այլևս որևէ մեկը չի կարող պարտադրել որևէ ընտրություն: Հայաստանի քաղաքացին ազատ կամքով կատարելու է իր ընտրությունը:
 
Քարոզարշավը կտևի մինչև հունիսի 18-ը ժամը 24:00-ն: Ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն և 4 դաշինք: Ընտրություններն անցկացվելու են հունիսի 20-ին:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը