Ադրբեջանական և ռուսական կողմերն են արգելել, որ հայկական զորքեր տեղակայվեն Մեծ շենի շրջակայքում. գյուղապետ


Ադրբեջանական և ռուսական կողմերն են արգելել, որ հայկական զորքեր տեղակայվեն Մեծ շենի շրջակայքում. գյուղապետ

  • 12-06-2021 17:20:52   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Շուշիի շրջանի Մեծ Շեն գյուղի անվտանգության հարցերը դեռ չեն լուծվել, համայնքապետը դիմել է Արցախի իշխանություններին ու ամիսներ շարունակ սպասում է պատասխանի։ 
 
Lragir.am-ի հետ զրույցում Մեծ Շենի գյուղապետ Դավիթ Դավթյանն ասաց, որ գյուղում ներկայում 40 մարդ է ապրում, այդ թվում՝ 4 երեխա։ Նախքան պատերազմը Մեծ Շենն ունեցել է 114 բնակիչ։
 
Հիշեցնենք, որ Շուշիի շրջանի Մեծ Շեն ու Հին Շեն բնակավայրերը նախորդ տարեվերջին հայտնվել էին ադրբեջանական շրջափակման մեջ, ադրբեջանցիները պահանջում էին, որպեսզի հայկական զորքերը հեռանային։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Մեծ Շենի բնակիչները լքել էին գյուղը։ Հին Շենում ներկայում կան ռուս խաղաղապահներ, իսկ Մեծ Շենի դարպասները, ինչպես համայնքի ղեկավարն է ասում, «բաց են թուրքի առաջ»։
 
«Անվտանգության հարցերը չեն լուծվում, բախտի քմահաճույքին ապրում ենք։ Մեր գյուղացիները խոստանում են վերադառնալ, ասում են՝ ամռանը կգան, երեխեքը Հայաստանում դպրոց են գնում, դպրոցները փակվեն, կգան գյուղ։ Բայց անվտանգության հարցն անորոշ է, գյուղը շրջապատված է թուրքերով, գյուղի սահմաններին հայ զինվոր չունենք, ռուս խաղաղապահներ էլ չկան։ Ես պահանջել եմ, որպեսզի այստեղ պահակակետ լինի՝ կամ մերոնցից, կամ ռուսներից։ Խոստանում են, բայց ոչ մի բան չեն անում, սաղ սպասում են հունիսի 20-ին, որ մի բան պիտի փոխվի։ Արցախի իշխանությունն էլ Երևանից է կախված, մենք ինքնուրույն իշխանություն չենք էլ ունեցել երբեք։ Երևանից ոնց ասում են, այդպես էլ անում են»,- ասաց նա։
 
Դավիթ Դավթյանը նշեց, որ իր ունեցած տեղեկություններով՝ ադրբեջանական և ռուսական կողմերն են արգելել, որ հայկական զորքեր տեղակայվեն գյուղի շրջակայքում։
 
«Ես կասկած ունեմ, որ եթե Հայաստանի գործող իշխանությունը մնաց, Շուշիի շրջանի՝ հայկական վերահսկողության տակ մնացած 4 գյուղերը լրիվ տալու են։ Ադրբեջանի համար ձեռնտու չէ, որ էս 4 գյուղը ստեղ մնա։ Սա և մեր համար, և իրենց համար ռազմավարական նշանակություն ունեցող հարց է։ Այսինքն՝ Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցքն իրենք ամեն գնով պիտի վերցնեն»,- հավելեց Դավթյանը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը