Երեւանում 5 անշարժ գույք, 10 մլն դրամանոց ժամացույց. Ինչ ունեցվածք ունի «Հայաստան» դաշինքից Հռիփսիմե Ստամբուլյանը
12-06-2021 18:50:19 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Հայկական ժամանակը գրում է. ««Անռիվա» ընկերությունների հիմնադիր տնօրեն, «Հայաստան» դաշինքի ցուցակի 18-րդ համար Հռիփսիմե Ստամբուլյանը 5 անշարժ գույք ունի Երեւանում: Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած նրա հայտարարագրից տեղեկանում ենք, որ համատեղ սեփականության իրավունքով ունի 1 բնակարան եւ 2 հողատարածք, 1 առանձնատան համասեփականատեր է եւ 1 հասարակական տարածքի սեփականատեր:
Որպես անշարժ գույք Ստամբուլյանը հայտարարագրել է 1 ավտոմեքենա՝ «Lexus RX 350» 2017 թվականի արտադրության: Որպես թանկարժեք գույք նա հայտարարագրել է 10 մլն դրամանոց «Omega de ville» ժամացույց:
Վերջին 1 տարում նա 2 մլն 563 հազար 555 դրամ աշխատավարձ է ստացել «Անռիվա-տրանս»-ից, 2 մլն 104 հազար 281 դրամ էլ «Անռիվա-տուր»-ից: Բացի այդ նա 2 մլն դրամ է ստացել «Անռիվա-տուր»-ից վարձակալության դիմաց եւ 1 մլն 100 հազար դրամ էլ նույն ընկերությունից՝ ավտոմեքենայի վարձակալության դիմաց:
Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ Ստամբուլյանն ունեցել է 17 մլն դրամ եւ 250 հազար դոլար:
Նա 100 տոկոս բաժնետոմս ունի՝ «Անռիվա-տուր» ՍՊԸ-ում, «Անռիվա-ռիելթի» ՍՊԸ-ում, «Անռիվա-տրանս» ՍՊԸ-ում եւ «Քորդոբա» ՍՊԸ-ում»: