«Ազատ Հայրենիք»-ը քարոզարշավ է անցկացրել Մարտունի, Վարդենիս, Գավառ քաղաքներում
12-06-2021 20:20:20 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
«Ազատ Հայրենիք» դաշինքի թիմը ընտրարշավի շրջանակներում 12.06-ին այցելել է Մարտունի, Վարդենիս, Գավառ քաղաքները։ Նշված քաղաքներում քարոզչական երթերի ընթացքում քաղաքացիները դիմում էին դաշինքի ղեկավարներին և թեկնածուներին իրենց հուզող հարցերով, տեղեկանում ենք «Ազատ Հայրենիք» դաշինքի մամուլի ծառայությունից:
Հարցեր ուղղվեցին բանակաշինության և քաղաքաշինության վերաբերյալ։ «Ազատ Հայրենիք» դաշինքի թեկնածու Դավիթ Հովհաննիսյանի պատասխանում հնչեցին հետևյալ թեզերը.
- «Զինվորականների պրոֆեսիոնալիզմի մակարդակը բարձրացնելու համար անհրաժեշտ է ներդնել ռազմական պատրաստվածության եվրոպական չափանիշներ և պարտադիր զորակոչի տարիքը հասցնել 21-ի: Զինված ուժերի կառուցվածքը պետք է փոխվի այնպես, որ բարելավվի մարտական կառավարման որակը և ընդլայնվի տակտիկական ստորաբաժանումների մարտական կարողությունները: Հայաստանի ռազմական հայեցակարգը պետք է ունենա այն ելակետային մոտեցումը, որ երկրի անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ է ունենալ բավարար ռազմական հավասարակշռություն Ադրբեջանի և Թուրքիայի հետ: Ուստի հայկական զինված ուժերի ռազմական հզորությունը պետք է հավասար լինի Ադրբեջանի զինված ուժերի ռազմական հզորությանը և Թուրքիայի զինված ուժերի ռազմական հզորության 1/3-ին:
- «Մայրաքաղաքը և նրա արբանյակային քաղաքները կդառնան ոչ նյութական արտադրության կենտրոն, իսկ նյութական արտադրությունը կապակենտրոնացվի տարածաշրջանային քաղաքային ագլոմերացիաներում: Մարզային քաղաքային կենտրոնները կապվելու են միմյանց և մայրաքաղաքի հետ ժամանակակից տրանսպորտային հաղորդակցության միջոցներով: Պետությունը կիրականացնի բնակչության բնակության պայմանների բարելավման ծրագիր, որը թույլ կտա անշարժ գույքի սեփականատերերին իրենց գույքի փոխանակման կամ վաճառքի միջոցով ձեռք բերել նոր ժամանակակից տներ զարգացած սոցիալական ենթակառուցվածքներ ունեցող շրջաններում:»