«Հայաստան» դաշինքի չերեւացող հարուստները. ովքեր են նրանք եւ ինչ ունեցվածք ունեն
14-06-2021 10:34:08 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Հայկական ժամանակ. «Հայաստան» դաշինքի 70-րդ համար Արսեն Հախնազարյանը դոլարով միլիոնատեր պատգամավորի թեկնածուների շարքում է:
Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած նրա հայտարարագրից տեղեկանում ենք, որ ունի 1 բնակարան Երեւանի Շահվերդյան փողոցում եւ 1 բնակարան ու 2 ավտոկայանատեղի Երեւանի Բյուզանդի փողոցում:
Հախնազարյանը հայտարարագրել է 2 ավտոմեքենա՝ «Mercedes-Benz GLE 400 4Matic Coupe» 2019 թվականի եւ «Hyundai Azera 2.4L» 2012 թվականի:
Նա վերջին 1 տարում 2 մլն 205 հազար դրամ աշխատավարձ եւ 15 մլն դրամ շահաբաժին է ստացել «Սմարտ Չոյս» ՍՊԸ-ից, 963 հազար 400 դրամ աշխատավարձ եւ 12 մլն դրամ շահաբաժին է ստացել «Էկո Սոլուշնս» ՍՊԸ-ից, 751 հազար 100 դրամ աշխատավարձ է ստացել «Սմարտ ֆայնես» ՍՊԸ-ից, 3847 դրամ փոխառությունից տոկոս է ստացել «Սմարթ ֆայնես ֆոնդ»-ից: Բացի այդ նա «Արարատբանկ»-ի պարտատոմսից 3 մլն 869 հազար 742 դրամ եկամուտ է ստացել, 11 մլն 385 հազար 578 դրամ էլ ստացել է 3 տարբեր բանկերում դրված ավանդների տոկոսից:
Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ Հախնազարյանն ունեցել է 546 մլն 300 հազար 896 դրամ, 1 մլն 205 հազար 608 դոլար, 511 հազար եվրո, 10 մլն ռուբլի, 30 հազար կանադական դոլար եւ 40 հազար վրացական լարի:
Վերջինս 33.34 տոկոս բաժնետոմս ունի «Սմարտ Չոյս» ՍՊԸ-ում, 30 տոկոս «Էկո Սոլուշնս» ՍՊԸ-ում, 100 տոկոս բաժնետոմս «Սմարտ ֆայնես» ՍՊԸ-ում, 80 տոկոս «Սեքնդ ֆլոր» ՍՊԸ-ում, 34 տոկոս Վրաստանում գրանցված «Սմարթ սեթ» ՍՊԸ-ում: Բացի այդ նա 23.36 տոկոս փայաբաժին ունի «Սմարթ ֆայնես ֆոնդ»-ում, ինչպես նաեւ 2.828517 եւ 4.656848 տոկոսանոց արժեկտրոնային պարտատոմսեր ունի «Արարատբանկ»-ում:
Նույն դաշինքի 36-րդ համարը «Վանաձորի բժշկական կենտրոն»-ի բժիշկ-ներզատաբան Ռիմա Ղազարյանն է:
Նրա ունի 5 անշարժ գույք ունի Վանաձորում, մասնավորապես՝ 1 կիսակառույց, 1 արտադրամաս, 1 կաթսայատուն, 1 հողամաս եւ 1 բենզալցակայան:
Ղազարյանը վերջին 1 տարում 50 հազար դրամ վարձակալության վճար է ստացել «Ռ. Ղազարյան» ՍՊԸ-ից եւ 150 հազար դրամ աշխատավարձ է ստացել «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից:
Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ նա ունեցել է 58 մլն դրամ, 77 հազար 500 դոլար եւ 38 հազար եվրո:
Դաշինքի 82-րդ համարը գործարար Յուրի Համբարյանն է: Նա ունի 8 անշարժ գույք, մասնավորապես՝ 3 բնակարան, 2 հողամաս, 2 ավտոտնակ եւ 1 տարածք: Բնակարաններից մեկը գտնվում է Երեւանում, իսկ մնացած անշարժ գույքերը Վանաձորում:
Համբարյանն ունի 2017 թվականի արտադրության «TOYOTA CAMRY 2.5»:
Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ նա ունեցել է 36 մլն դրամ, 73 հազար դոլար եւ 5.5 մլն ռուբլի:
Համբարյանը 60.9 տոկոս բաժնեմաս ունի «Ռ և Հ տրանս» ՍՊԸ-ում, 19 տոկոս «Մայ Նետ» ՍՊԸ-ում, 50 տոկոս «Լոռի Բիյր» ՍՊԸ-ում եւ 50 տոկոս «Սպայդեր Սիստեմ» ՍՊԸ-ում, որի գործունեությունը ըստ իր ներկայացրած հայտարարագրի՝ դադարեցված է: