ՔՈԱՖ-ը տնով է ապահովել Արցախից տեղահանված ընտանիքներին


ՔՈԱՖ-ը տնով է ապահովել Արցախից տեղահանված ընտանիքներին

  • 14-06-2021 13:56:21   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ԵՐԵՎԱՆ - «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) Լոռու մարզի Դսեղ ու Դեբետ համայնքներում տներ է կառուցել Արցախից տեղահանված ու Հայաստանում ապաստանած 13 ընտանիքների համար։ Հունիսի 11-ին առաջին երկու ընտանիքները՝ Մարգարյաններ ու Չիրկինյաններ, մուտք գործեցին իրենց նոր, հարմարավետ տները՝ կահավորված, ապահովված կենցաղային բոլոր հարմարություններով՝ մշտական ջուր, ջեռուցման և էլեկտրաէներգիայի համակարգ, ինտերնետ։ Նախագծի այս փուլի իրականացմամբ 100-ից ավել արցախցիներ  ապահովված կլինեն տներով։
 
Դեռևս 2020թ․ դեկտեմբերի 6-ին «Շուռ տանք սարերը» ամենամամյա դրամահավաք-երեկոյի ընթացքում հայտարարվել էր, որ հավաքագրված գումարը 2021թ․ ծախսվելու է նաև Արցախից տեղահանված մեր հայրենակիցների համար տների կառուցման վրա։ Կառուցվել է 13 տուն՝ մեկ տունը միջինում 75 քմ մակերեսով։ Ընդհանուր առմամբ կառուցվում է 960քմ բնակելի տարածք՝ 1քմ-ը 430 ԱՄՆ դոլար արժեքով։ Տներն ամբողջովին
կահավորվում են՝ պատրաստ հյուրընկալելու բազմանդամ ընտանիքների։ Ներառվող կենցաղային պարագաներից են սառնարանը, լվացքի մեքենան, փոշեկուլը, հեռուստացույցը, խոհանոցային պարագաները և այլ անհրաժեշտ իրեր։
 
«ՔՈԱՖ-ը շատ արագ արձագանքեց ճգնաժամին․հրատապ կերպով մոբիլիզացրինք մեր ռեսուրսներն ու Արցախից տեղահանված ընտանիքներին տրամադրեցինք թե՛ կացարան, թե՛ մարդասիրական աջակցություն»,- նշում է ՔՈԱՖ-ի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանը։ ՔՈԱՖ-ի հիմնադիր Կարո Արմենը ևս նշել էր Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին պատշաճ որակի տներով ապահովելու կարևորությունն ու
հրատապությունը, որպեսզի որևէ պարագայում չկրկնվի 1988թ․ երկրաշարժից հետո բազմաթիվ ընտանիքների՝ տասնամյակներով անմխիթար տնակներում ապրելու պատմությունը։ 
 
«Ընտանիքներին ընտրելիս բազմաթիվ չափանիշներ ենք հաշվի առել, բայց ամենակարևորներից այն է, որ կարճ ժամանակում տներով ենք ապահովել այն ընտանիքներին, որոնք արդեն ունեին Հայաստանից ու Արցախից հեռանալու մտադրություններ․ այս կերպ մենք պահել ենք նրանց երկրում»,- նշում է նախագծի ղեկավար Օվսաննա Եղոյանը։
 
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի մասին
 
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել  Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: Հիմնադրամի համակողմանի ծրագրային մոդելի իրագործումը սկսվել է 2004թ., և այդ ժամանակից ի վեր իրականացվում են կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական ծրագրեր, ինչպես նաև հիմնանորոգվում են համայնքների համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները: Այս ծրագրերի շահառուներն են Հայաստանի Արմավիրի, Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի և Տավուշի մարզերի 64 համայնքների ավելի քան 107,000 բնակիչները: 2015թ. սկսած՝ ՔՈԱՖ-ը մշակել և իրագործում է ՍՄԱՐԹ նախաձեռնություն: ՍՄԱՐԹ-ը կրթության միջոցով առաջխաղացում է ապահովում գյուղական աշխարհի համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը և միջավայրը:
 
ՔՈԱՖ ՍՄԱՐԹ առաջին կենտրոնը տեղակայված է Լոռու մարզի Դեբետ գյուղում. բացումը կայացել է 2018 թ. մայիսի 27-ին:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն