Ծրագրի և գաղափարի պակասն է, որ հայհոյանքի է տանում քարոզարշավը
14-06-2021 17:11:41 | Հայաստան | Քաղաքական
Նախընտրական քարոզարշավը հագեցած է ատելության խոսքի տարածմամբ և բռնության կոչերով: Երբ կուսակցության առաջնորդն ասում է «կշինեմ», դա քաղաքական եզրույթից դուրս է, և նման բառաոճով ընտրություններին մասնակցելը քարոզչության դադարեցման հիմք է: Այս մասին Նոյյան Տապանի «Քննարկում» հաղորդաշարի ժամանակ նշեց «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմնի անդամ Վահագն Չախալյանը:
Նա ընդգծեց` իրենք ԿԸՀ-ում դիմում էին գրել և պահանջել, որ «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական արշավը դադարեցվի` հիմք ընդունելով իրենց առաջնորդի կողմից հնչող բռնության կոչերը, սակայն, ինչպես ենթադրվում էր, ԿԸՀ-ն մերժեց մեր դիմումը:
«Մենք 21-րդ դարում ենք և պարտավոր ենք քաղաքակրթ լինել, ինչքան էլ մեկս մյուսի հետ համաձայն չլինենք: Վտանգել ՀՀ ներքին կայունությունը, որևէ մեկս իրավունք չունի, անկախ նրանից` որ քաղաքական դաշտում ենք և ինչ պաշտոն ենք զբաղեցնում: Մենք կարծում ենք, որ այս բոլոր խնդիրների հիմքը ազգային ու բարոյական արժեքներից հեռանալն է: Այն արժեքների վրա, որոնց վրա պաշտպանվել է հայկականությունը, այսօր շատերը սկսել են ծաղրել: Ավանդականը ներկայացվում է որպես հետամնացություն: Մենք ասում ենք, որ դա այդպես չէ»,- նշեց Չախալյանը և շեշտեց` ըստ իրենց` Հայ առաքելական եկեղեցին պետք է օրենքով կարգավիճակ ունենա:
Հայաստանում ընթացող քարոզարշավին անդրադարձավ նաև Լիբանանի «Զարթոնք» թերթի գլխավոր խմբագիր Սեւակ Հակոբյանը: Նա ընդգծեց, որ իրենց ` սփյուռքի հայերի համար խորթ է նման ընտրապայքարը. «Մեզ համար խորթ է ընտրապայքարի մեջ այսքան անհատականացումն ու ատելությունը, որ դուրս է գալիս պետական այերերի շուրթերից: Ես չեմ հիշում, որ նույնիսկ արաբական աշխարհի մեջ այսչափ ցեխ շպերտեն մեկը մյուսի վրա: Ես անձնապես կարծում եմ, որ ծրագրի և գաղափարի պակասն է, որ հայհոյանքի է տանում քարոզարշավը: Երբ ասելիք չունես, սկսում ես մարդու անձը քննարկել»,- նշեց նա: