Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի նորանշանակ դեսպանին

14-06-2021 19:05:30   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Հունիսի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրոր
դ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյին:   
 
Ինչպես տեղեկանում ենք Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական համակարգից, շնորհավորելով և իր բարեմաղթանքները բերելով դեսպանին նշանակման առիթով՝ Նորին Սրբությունը հույս հայտնեց, որ նրա պաշտոնավարման շրջանում հայ-իտալական բարեկամական փոխհարաբերություններն էլ ավելի կզարգանան ու կարդյունավորվեն նորանոր համատեղ իրագործումներով: 
 
Հանդիպմանը Վեհափառ Հայրապետն անդրադարձավ երկու ժողովուրդների պատմական առնչություններին, որոնց համար բոլոր ժամանակներում ամուր հիմք են հանդիսացել քրիստոնեական հավատը և դավանվող նույն արժեհամակարգը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը խոսեց նաև Հայոց Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա ջերմ հարաբերությունների և սոցիալական ու կրթական սերտ գործակցության մասին։
 
Զրույցի ընթացքում Հայոց Հովվապետն Իտալիայի դեսպանին ներկայացրեց իր մտահոգությունները Հայաստանի սահմանների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի ոտնձգությունների, ռազմագերիներին ազատ չարձակելու, ինչպես նաև Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում Հայոց Եկեղեցու հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ դրսևորվող ոչնչացման և յուրացման քաղաքականության առնչությամբ։ Առկա խնդիրների հաղթահարման գործում Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևոր նկատեց միջազգային հանրության և բարեկամ երկրների ջանքերը։ 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 82 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար