ՌԴ-ում գտնվող տասնյակ հազարավոր հայերը պետք է կամավոր գան. նրանց լուրջ պատիժներ են սպառնում


ՌԴ-ում գտնվող տասնյակ հազարավոր հայերը պետք է կամավոր գան. նրանց լուրջ պատիժներ են սպառնում

  • 14-06-2021 20:02:20   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Հունիսի 15-ին լրանում է ժամկետը, երբ Ռուսաստանում գտնվող անօրինական միգրանտները պետք է լքեն այդ երկրի տարածքը։ Խոսքը վերաբերում է նաև ՌԴ տարածքում անօրինական գտնվող հայերին։
 
Ռուսաստանի պետական մարմինների պաշտոնական թվերով՝ 61 հազար անօրինական հայ միգրանտներ մինչև հունիսի 15-ը պետք է լքեն երկրի տարածքը։ Այնուհետև, ռուսական կողմը հայտարարել էր, որ որոշել են ընդառաջել ու վերանայել ժամկետները։
 
Lragir.am-ի հետ զրույցում «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության աշխատանքային միգրացիայի ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը մանրամասներ է ներկայացնում գործընթացից։
 
Ըստ նրա՝ Ռուսաստանի նախագահի հրամանագրով՝ Covid-ի ընթացքում երկարաձգվել էր ՌԴ-ում գտնվող օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց փաստաթղթերի ժամկետը։ ՌԴ իշխանությունների հայտարարությունը՝ ընդառաջելու մասին, հենց Covid-ով պայմանավորված իրավիճակին էր վերաբերում։
 
«Ի՞նչ է ասվում ՌԴ նախագահի հրամանագրերում և ի՞նչ է նշանակում հունիսի 15-ը։ ՌԴ նախագահի երկու հրամանագիր կա։ Համաձայն 274 հրամանագրի՝ 2020 թվականի մարտից մինչև 2021 թվականի հունիսի 15-ն ընկած ժամանակաշրջանի համար որոշակի փաստաթղթերի գործունեության ժամկետի ընթացքը դադարեցվում էր։ Այսինքն՝ այդ փաստաթղթերն այդ ժամանակահատվածի համար չէին հաշվվում որպես ժամկետանց կամ ընթացքի մեջ գտնվող։ Այդ փաստաթղթերն էին, օրինակ, ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց ժամանակավոր գտնվելու, ժամանակավոր կամ մշտական բնակության ժամկետները։ Դրանց թվում էին փախստականի վկայականը, միգրացիոն քարտը։ Ենթադրվում էր, որ եթե օտարերկրացին գտնվում էր Ռուսաստանում, և 2020 թվականի մարտի 15-ից հետո իր միգրացիոն հաշվառման ժամկետը լրանում էր, ենթադրենք, ապրիլին կամ մայիսին, 2021 թվականի հունիսի 15-ը համարվում էր իր վերջնաժամկետը։ Բայց մի շատ կարևոր բայց կա, որը վերաբերում է հատկապես ՀՀ քաղաքացիներին։ Քանի որ համավարակից հետո այս տարվա փետրվարի 16-ից է բացվել Հայաստան-Ռուսաստան ավիահաղորդակցությունը, այդ պահից սկած 90 օր հետո այս հրամանագիրը էլ մեզ վրա չի ազդում։ Այսինքն՝ այս առումով մեր վերջնաժամկետը եղել է մայիսի 15-ը։ Այսինքն՝ եթե ՀՀ քաղաքացիները կորոնավիրուսի պատճառով չէին կարողացել երկարաձգել իրենց փաստաթղթերը, մինչև մայիսի 15-ը պետք է անեին դա։ Դրանից հետո արդեն իրենց փաստաթղթերը ժամկետանց են համարվում։ Ու հունիսի 15-ն այս առումով մեր քաղաքացիների վրա էլ չի տարածվում»,- մանրամասնեց Բեժանյանը։
 
Ռուսաստանի ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գորովոյը հայտարարել էր, որ ԱՊՀ երկրները պետք է մինչև հունիսի 15-ը հետ կանչեն անօրինական կերպով Ռուսաստանում գտնող իրենց քաղաքացիներին, հակառակ դեպքում Մոսկվան քայլեր կձեռնարկի, ընդհուպ մինչև սահմանի փակում։
 
Ըստ Տաթևիկ Բեժանյանի՝ ռուս պաշտոնյայի այս հայտարարությունն արդեն մինչև 2020 թվականի մարտի 15-ն ունեցած խախտումների հետևանքով ՌԴ տարածքում անօրինական գտնվողների մասին է։ «Նրանք, այո, պետք է լքեն ՌԴ տարածքը։ Ինչքան շուտ լքեն, այնքան լավ, որովհետև եթե մեր քաղաքացիներն ունեն մուտքի արգելքի խնդիր, ինչքան շուտ դուրս գան, այնքան շուտ այդ հաշվարկը կսկսվի»,- հավելեց նա։
 
ՌԴ իշխանությունների հրապարակած 61 հազար թիվը, ըստ Բեժանյանի, մինչև 2020 թվականի մարտի 15-ը խախտում ունեցած անձանց թիվն է։ Այսինքն՝ նրանք ՌԴ-ում գտնվելու օրինական հիմքեր չունեցող անձինք են։
 
«Այդ բոլոր անձինք պետք է դուրս գան երկրից, որովհետև հիմա իրենց նկատմամբ վարչական վտարում ու արտաքսում կկիրառեն։ Եվ շատ կարևոր մի պահ կա, որ շատ խիստ են վերաբերվելու բոլոր նրանց, ովքեր խախտել են սահմանը, այսինքն՝ ՌԴ մուտք են գործել ոչ օրինական ճանապարհով։ Դա վերաբերում է Բելառուսի տարածքով Ռուսաստան մեկնած բոլոր օտարերկրացիներին, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիներին, ովքեր թռել են Բելառուսի տարածք և այնտեղից ցամաքային ճանապարհով մուտք են գործել ՌԴ, ինչը նշանակում է, որ անօրինական են հատել սահմանը, որովհետև օտարերկրացիները Բելառուսով ՌԴ կարող են գնալ միայն օդային տարածքով։ Այդ անօրինական սահմանահատումը 3-6 տարի ազատազրկում է նախատեսում։ Եվ ես ուզում եմ կոչ անել՝ մեր այն քաղաքացիները, ովքեր Բելառուսով են գնացել, հանկարծ Ռուսաստանով հետ չգան։ Նրանք մի ճանապարհ ունեն՝ մտնեն Բելառուս և այնտեղից ինքնաթիռով մուտք գործել ՌԴ՝ օրինականացնելով իրենց մուտքը։ Կամ եթե պետք է Հայաստան գան, էլի թող Բելառուսով գան, որովհետև հենց ՌԴ օդանավակայանում տեսնեն, որ այդ անձը մուտք չի գործել, բայց ելք է անում, լավագույնը, որը կարող են ունենալ՝ 10 տարով մուտքի արգելք, վատագույնը, որ իրենց տեղում կձերբակալեն ու 3-6 տարով կազատազրկեն։ Ես վախենում եմ թիվ ասել, բայց ինձ զանգողներից հասկանում են, որ այդ անձանց թիվը փոքր չէ»,- նշեց նա։
 
Տաթևիկ Բեժանյանը ՌԴ տարածքում անօրինական գտնվող հայերին կոչ է անում կամավոր գալ Հայաստան, չսպասել արտաքսմանը։ «Արտաքսման դեպքում դուք վստահորեն առնվազն 10 տարով չեք կարողանալու գնալ ՌԴ, մի մասն էլ ընդհանրապես չեն կարող գնալ, որովհետև եթե ФСБ-ն դնի արգելքը, ապա կարող է դնել 100 տարով։ Դեռևս հայերը կամավոր կարող են գալ Հայաստան, թող գան։ Հունիսի 15-ից հետո էլ կարող են ինքնակամ գալ»,- ասաց նա։
 
Բեժանյանը նաև նշեց, որ իր կարծիքով՝ ՌԴ տարածքում անօրինական գտնվող հայերի թիվը ավելի շատ է, քան հրապարակված 61 հազար պաշտոնական թվին է։ Ըստ նրա՝ Ռուսաստանում տվյալների բազաները ուշ-ուշ են թարմացնում։ Այդ բազաներում ներառված չեն նաև Բելառուսի տարածքով ՌԴ անօրինական մուտք գործած հայերը։
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը