Աստված ինձ երեք անգամ է կյանք տվել.19-ամյա Էրիկ Խաչատրյանն 8 ամսվա գերությունից հետո Հայաստան վերադարձածներից մեկն է

14-06-2021 20:40:42   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



Հայկական ժամանակը գրում է. «19-ամյա Էրիկ Խաչատրյանը 8 ամիս ադրբեջանական գերության մեջ մնալուց հետո արդեն Հայաստանում է: Էրիկի մայրը՝ Լիանա Ալոյանը մեզ հետ զրույցում պատմում է՝ տղայի՝ հայրենիք վերադառնալու լուրը իմացել է պատահական, երբ ծանոթներից մեկը զանգահարել և ասել է, որ Էրիկին տեսել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեսբուքյան էջում հրապարակված նկարում:
 
Էրիկը 18 տարեկան է եղել, երբ գերեվարվել է ադրբեջանցի զինվորների կողմից: Հունվարի 15-ին ադրբեջանական բանտում լրացել է նրա 19-ամյակը:
 
Հիշեցնենք՝ հունիսի 12-ին Գեղարքունիքի մարզում քարոզարշավը մեկնարկելիս վարչապետի պաշտոնակատար  Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ 15 հայ գերիներ նույն օրը վերադառնում են Հայաստան: Քիչ հետո Փաշինյանը ֆեսբուքյան իր էջում հրապարակեց նաև վերադարձող գերիների լուսանկարները, նրանց անձնական տվյալները:
 
Որդու գալուն ամիսներով սպասած մայրն ամեն շաբաթ օրը ուխտագնացության է գնացել՝ սրտում փայփայելով, որ մի օր Էրիկը  կվերադառնա տուն: Էրիկի վերադառնալու օրն էլ հերթական անգամ գնացել էր ուխտագնացության՝ աղոթելու, որ բոլոր հայ գերիներն ու անհետ կորածները գտնվեն և վերադառնան Հայաստան:
 
«Այս ամիսների ընթացքում ամեն շաբաթ մեր տեր հոր հետ գնում էինք ուխտագնացության: Հունիսի 12-ին ուխտագնացության էինք գնացել Արագածոտնի մարզի Ծաղկեվանք (գտնվում է Արա լեռան վրա), ոտքով բարձրացանք, պատարագ մատուցեցինք: Աստծուց խնդրեցի, որ մեր բոլոր  գերիներն ու անհետ կորածները գտնվեն, վերադառնան իրենց ծնողների մոտ: Վերադարձա տուն, մեկ ժամ հետո զանգ ստացա, ասացին՝ պարոն Փաշինյանի ֆեսբուքյան էջում նկար կա, որի մեջ Էրիկն է, էդ պահին իմացա, որ տղաս գալիս է: Հույսս միշտ Աստված է եղել, որ ինքը տուն կվերադառնա»,- պատմում է մայրը:
 
Հայաստանի տարածք մտնելուն պես Էրիկն անմիջապես զանգել է մորը, տեղեկացրել, որ իրեն տեղափոխում են հոսպիտալ՝ բուժզննման: Բուժզննման
ընթացքում պարզվել է, որ պատերազմի ժամանակ հրազենային կրակոցի հետևանքով փամփուշտը այսքան ժամանակ Էրիկի մեջքում է մնացել, Ադրբեջանում, սակայն, Էրիկին որևէ բժշկական օգնություն չեն տրամադրել: Հիմա 19-ամյա տղան Երևանի հոսպիտալներից մեկում է, բժիշկները ծնողներին ասել են՝ բժշկական միջամտության կարիք կա, դեռ անորոշ ժամանակով պետք է մնա հոսպիտալում:
 
Լուսանկարից ձախ՝ Էրիկին ծնողները ճանապարհում են բանակ, աջ կողմում՝ 11 ամիս անց ծնողները գրկում են ադրբեջանական գերությունից վերադարձած իրենց տղային
 
«Հրազենային վնասվածքի հետևանքով փամփուշտը դեռ մարմնում է: Աջ ոտքը կաղում է, դեռ պետք է բժիշկները պարզեն, թե ինչու է մեջքին վիրավորումը, բայց ոտքն է կաղում: Առաջին օրը իրեն տեսակցել ենք, երեկ ամբողջ օրն էլ հիվանդանոցի բակում տեսել ենք, հիմա նորից իր մոտ ենք գնում: Ինքը մեզ պատմում է, որ երբ գերեվարվել է, լավ է զգացել իրեն, ընթացքում է սկսել վատ զգալ»,- ասաց մայրն ու հավելեց՝ հիմա Էրիկն ասում է՝ «Աստված ինձ երեք անգամ է կյանք տվել՝ մեկը որ ծնվել եմ, մյուսը, որ հրազենային կրակոցի հետևանքով փամփուշտը մխրճվել է զինվորական սաղավարտիս մեջ և երրորդ անգամ, որ ադրբեջանական գերությունից հետո տուն եմ վերադարձել»:
 
Հիմա իր հայրենի հողում Էրիկ Խաչատրյանը երկու նպատակ ունի: Ծնողներին ասել է, որ ուզում է Արարատի մարզի Խաչփառ գյուղում, որտեղ այժմ բնակվում են վարձով, արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին հուշաքար տեղադրել: Մյուսը՝ ցանկանում է վերանորոգել իկր ծննդավայր Գեղարգունիքի մարզի Վարդենիս գյուղի սրբատեղերից մեկը. «Երազ է տեսել, ես եմ իրեն ասել՝ արևս, կգաս, որ Սուրբը վերանորոգենք: Հիմա ուզում է դա իրականացնել»,- ասաց Էրիկի մայրը՝ Լիանա Ալոյանը:
 
Էրիկ Խաչատրյանը երկու ամսվա զինծառայող է եղել, երբ սկսվել է պատերազմը: Այդ ընթացքում հասցրել է անգամ պարգևատրվել, բայց պատերազմի հետևանքով ծնողները չեն կարողացել զինկոմիսարիատից վերցնել նրա շնորհակալագիրը: 44-օրյա պատերազմի ընթացքում 18-ամյա Էրիկը պաշտպանում էր Ջաբրայիլի հատվածը, հետո Հադրութում է մասնակցել մարտական գործողություններին և վերջին անգամ ընտանիքի հետ հոկտեմբերի 12-ին է կապ հաստատել։ Գերի ընկնելու մասին ծնողները տեղեկացել են Ֆեյսբուք սոցիալական ցանցից, երբ ադրբեջանական կողմը տեսանյութ է տարածել, որի մեջ եղել է նաև Էրիկը: Տեսանյութը տեսնելուց և Էրիկին ճանաչելուց հետո նրանք դիմել են Կարմիր Խաչի օգնությանը:
 
«43 օր մի տան մեջ են ապրել, շրջափակված են եղել Հադրութի շրջանի Վանք գյուղում: 43 օր հետո առավոտյան էդ տան դուռը բացվել է, ու Էրիկենք հասկացել են, որ փրկվել են, որովհետև էդ տան մեջ մնալու դեպքում էլ ապրելու հույս չկար՝ սննունդ ու ջուր չեն ունեցել: Իրեն գերեվարող ադրբեջանցի սպաներից են շնորհակալություն հատնել, որ իրենց չեն գնդակահարել, այլ գերեվարել են: Կարմիր Խաչին դիմելուց հետո իրեն նամակներ ենք ուղարկել, նամակների հետ մեր ընտանեկան նկարներից էլ ենք ուղարկել: Մի անգամ հասել է իրեն նկարները, մյուս անգամ ոչ: Մեկ անգամ էլ 2 րոպենաոց
վիդեո ենք նկարել ու իրեն փոխանցել Կարմիր Խաչի միջոցով: Իրեն էլ են հնարավորություն տվել, որ վիդեոյով ինքը մեզ հետ խոսի, առաջին անգամ չի ցանկացել, երկրորդ անգամ խոսել ուղարկել էր: Նամակ ինչքան ուզում գրում էինք ու բոլորը հասցնում էին երեխեքին: Էրիկն էլ էնտեղից դուրս գալուց մեր ուղարկած նամակներն է վերցրել ու դուրս եկել»,- պատմում է մայրը:
 
Գերության 8 ամիսների ընթացքում Էրիկն անընդհատ տեսիլքներ է ունեցել, որ վերադառնալու է Հայաստան: Մայրն ասում է՝ Վանք գյուղում, երբ շրջափակման մեջ է եղել, Էրիկն ամեն աղոթքին եկեղեցու զանգերի ձայներ է լսել: Հիմա որդին ասում է՝ Աստված ուժ է տալու, որ իր պես բոլոր գերեվարված տղաները վերադառնան Հայաստան: Ասում է՝ պատերազմում իր ընկերներն ու եղբայրները հաղթել են, հիմա  պետք է բոլոր զոհված զինծառայողների փոխարեն ապրենք և իրենց կիսատ թողած գործը ավարտենք:
 
Մոր խոսքերով՝ Էրկիկը հայտարարել է նաև, որ այլևս երբեք Հայաստանը չի թողնելու: «Իմ ախպերներն են զոհվել, ես պարտավոր եմ Հայաստանում ապրել»,- ասել է նա:
 
Մերի Խաչատրյան
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 640 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար