ԱՄՆ-ի և Ֆրանսիայի աճող դերը տարածաշրջանում նյարդայնացնում է Թուրքիային և Ռուսաստանին


ԱՄՆ-ի և Ֆրանսիայի աճող դերը տարածաշրջանում նյարդայնացնում է Թուրքիային և Ռուսաստանին

  • 14-06-2021 21:33:38   |   |  Ի՞նչ է գրում մամուլը

Lragir.am-ը գրում է. «Այսօր Բրյուսելում ՆԱՏՕ-ի Վեհաժողովի շրջանակներում տեղի կունենա Բայդեն-Էրդողան հանդիպումը: Թուրքիայի նախագահը բարձրացնելու է Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, իսկ ԱՄՆ նախագահն ասել է, որ Էրդողանի հետ կզրուցեն ռուսական Ս 400 համալիրների՝ ՆԱՏՕ-ի համակարգերի հետ անհամատեղելի լինելու մասին:
 
Վեհաժողովից հետո Էրդողանը մեկնելու է Բաքու: Էրդողանը հայտարարել է, որ կայցելի նաև  Շուշի:
 
Ռուսաստանը թույլ է տվել Թուրքիային մուտք գործել Հարավային Կովկաս: Թուրքիան Ակնայում դիտորդական կենտրոն ունի եւ վերահսկում է Հայաստանի երկինքը։ Ռուսաստանի ու Հայաստանի համատեղ հակաօդային պաշտպանության համակարգը այս ֆոնին զավեշտալի է հնչում:
 
Ռուսաստանը Կովկասը թողնում է թուրքերին, ոչ թե «անիծյալ» հայերին ու Արեւմուտքին: Մնում է այս ամենը օրինականացնել: Եթե, իհարկե, ստացվի: 15  հայ գերիների վերադարձի պատմությունից հետո ԱՄՆ-ի և Ֆրանսիայի աճող դերը տարածաշրջանում նյարդայնացնում է Թուրքիային և Ռուսաստանին։
 
Անդրադառնալով Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ վերջին 100 տարվա ընթացքում հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերները չեն փոխվել, ինչի վկայությունն է 44-օրյա պատերազմը Ղարաբաղում: Նա ասել է, որ ռազմական գործողություններին ներգրավված էին նույն դերակատարները, ովքեր կազմակերպել էին հայ ժողովրդի կոտորածը մեկ դար առաջ:
 
Հայաստանի ներկայիս կառավարությունը ադեկվատ է գնահատում իրողությունները, բայց դժվարությամբ է ընդդիմանում Ռուսաստանին: Իշխանությանը հավակնող «հայտնի» ուժերն ընդհանրապես այլընտրանք չեն առաջարկում. նրանք խոսում են «Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացման, նոր ռուսական բազաների մասին, որ տարածաշրջանում Ռուսաստանի տեղը կզբաղեցնի Թուրքիան» և այլն։
 
Միևնույն ժամանակ, Ազգային ժողովրդավարական բևեռը պատրաստ է ընտրվելու դեպքում դիմել ԱՄՆ-ին՝ դաշնակցի կարգավիճակ ստանալու համար: Իսկ «Ազատ հայրենիք» դաշինքը խոսում է այն մասին, որ պետք է օգտվել Հայաստանին ուղղակի ռազմական և քաղաքական աջակցություն ցուցաբերելու Ֆրանսիայի պատրաստակամությունից:
 
Թուրքիան ու Ռուսաստանի փորձում են կանխել Հայաստանի համագործակցությունը քաղաքակիրթ աշխարհի հետ:
 
«Մենք տեսնում ենք, որ Բայդենի նոր վարչակազմը ցանկանում է համագործակցել Թուրքիայի հետ մեր տարածաշրջանում, մասնավորապես Լիբիայում, Սիրիայում և Կովկասում», ասել է Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն `շեշտելով, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը բարդացնում է երկկողմ հարաբերությունները:
 
Միևնույն ժամանակ, Էրդողանը Վրաստանի վարչապետ Ղարիբաշվիլիի Թուրքիա կատարած այցի ժամանակ ասել է, որ Թուրքիան պատրաստ է աջակցել «ցանկացած եռակողմ համագործակցությանը՝ լինի դա Վրաստան – Ադրբեջան – Հայաստան, թե Վրաստան – Ադրբեջան – Թուրքիա»:
 
Հունիսի 12-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ և Վրաստանի միջնորդությամբ Հայաստան են վերադառնում 15 հայ ռազմագերիներ։ Սա նոր իրավիճակ է ստեղծում տարածաշրջանում»:
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը