Հանրային հեռուստաընկերությունը հայտնում է, որ պատասխանատվություն չի կրում քաղաքական ուժերի հոլովակների բովանդակության համար


Հանրային հեռուստաընկերությունը հայտնում է, որ պատասխանատվություն չի կրում քաղաքական ուժերի հոլովակների բովանդակության համար

  • 14-06-2021 21:03:00   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հանրային հեռուստաընկերությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է. 
 
«Հանրային հեռուստաընկերությունը նախընտրական քարոզչության շրջանակում մինչ այս պահն առաջնորդվել է երրորդ կողմի իրավունքների առերևույթ խախտումը կանխելու սկզբունքով և օրենսդրական վիճելի կարգավորումների պայմաններում կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների հետ համագործակցությամբ ձեռնպահ է մնացել իրավական տեսանկյունից խնդրահարույց դրվագների ցուցադրությունից:
 
Հանրայինը նախօրեին դիմել էր Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովին և Մարդու իրավունքների պաշտպանին՝ խորհրդատվական կարծիքի համար՝ նման դեպքերում հստակ և համապարփակ իրավական մոտեցում ցուցաբերելու նպատակով: Առաջին ալիքը, ուսումնասիրելով շահագրգիռ կառույցների կողմից ստացված պատասխանները, եզրակացրել է, որ կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների կողմից իրականացվող նախընտրական քարոզչության բովանդակության գնահատումը, չունենալով օրենքով հստակ սահմանված չափորոշիչներ և սահմաններ, պարունակում է սուբյեկտիվության ռիսկեր: 
 
Այսպիսով, Հանրային հեռուստաընկերությունը հայտնում է, որ պատասխանատվություն չի կրում նախընտրական քարոզչության ժամանակ քաղաքական ուժերի կողմից տրամադրվող հոլովակների բովանդակության համար: Հանրայինն ամբողջությամբ կհեռարձակի կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների կողմից ներկայացվող հոլովակները՝ չուսումնասիրելով դրանցում առկա հնարավոր իրավական ռիսկերը: Այնուամենայնիվ, Առաջին ալիքը կոչ է անում քաղաքական ուժերին ձեռնպահ մնալ ատելության խոսքից՝ մաքուր պահելով Հանրայինի եթերը: 
 
Հանրային հեռուստաընկերությունը շնորհակալություն է հայտնում խորհրդատվական կարծիք տրամադրած կառույցներին»:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն