Բոլոր քաղաքական ուժերից ու գործիչներից Մարդու իրավունքների պաշտպանը խստիվ պահանջում է դադարեցնել հայհոյելը կամ դա բացահայտ խրախուսելը


Բոլոր քաղաքական ուժերից ու գործիչներից Մարդու իրավունքների պաշտպանը խստիվ պահանջում է դադարեցնել հայհոյելը կամ դա բացահայտ խրախուսելը

  • 15-06-2021 09:47:11   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Ցավոք, այս նախընտրական քարոզարշավի արատավոր երևույթ է դարձել հայհոյանքը:
 
Եղկելի բառերով, սեռական բնույթի հայհոյանքներով տարբեր քաղաքական ուժեր ու գործիչներ իրար ուղիղ հրապարակային հայհոյում են:
 
Զգուշացնում եմ, որ ձեր հայհոյանքի բառերը արագ տարածվում են մարդկանց մեջ, հետո մարդիկ իրար են հայհոյում, ձեզ են հայհոյում ձեր իսկ օգտագործած բառերով:
 
Կան դեպքեր էլ, որ չնայած հայհոյանքից բողոքում են, բայց նաև անհամբեր սպասում են այդ հայհոյանքին, որ կեղծ ու իրական էջերով ակտիվ տարածեն` զոհի կերպարանք ընդունելով ու ավելի շատ հայհոյելով:
 
Ընդ որում, ինչ-որ ուժի կամ գործչի աջակցող կեղծ էջերից արհեստական հարձակումներով էլ Մարդու իրավունքների պաշտպանից են սկսում պահանջել առանձին-առանձին անդրադառնալ հայհոյանքի ամեն բառի ու գնահատական տալ կոնկրետ իրավիճակների:
 
Վերջին օրերին նորից սկսվել են հասցեագրվել պաշտոնյաների պաշտպանելու դիմումներ` բացահայտ անտեսելով, որ Պաշտպանը պաշտոնյա պաշտպանող կամ մասնավոր անձանց միջև հայհոյանքի գործ քննող չէ, «մոռանալով», որ դրա համար կան իրավապահ մարմիններ ու դատարան:
 
Հայհոյանքը, այն էլ դա հրապարակային անելն ագրեսիվացնում է մթնոլորտը, ավելացնում է լարվածությունը: Այն չի կարելի դարձել հանրային օրակարգի մաս:
 
Բոլոր քաղաքական ուժերից ու գործիչներից խստիվ պահանջում եմ դադարեցնել հայհոյանքի հանրային օրակարգ զարգացնելու ու բացահայտ խրախուսելու արատավոր պահվածքը:
 
Արման Թաթոյան
 
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն