Մանդատ հայրենիքի դիմաց. ռուսական մղձավանջով անցած նախագահին արժե՞ր թեթեւացնել ծանր տեղը


Մանդատ հայրենիքի դիմաց. ռուսական մղձավանջով անցած նախագահին արժե՞ր թեթեւացնել ծանր տեղը

  • 15-06-2021 11:50:55   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Lragir.am. Երբ հրապարակվեց Պատիվ ունեմ դաշինքի հուշագիրը, հույս առաջացավ, որ այս ամիսների ներքաղաքական նողկալի անցուդարձի մեջ եւս մեկ ուժ ձեւակերպում է հայկական իրավունքներն ու պահանջները, եւ դիմադրության ճակատն ընդլայնվում է: Կարեւոր էր հատկապես Սերժ Սարգսյանի հանգամանքը, քանի որ մյուս նախկին ղեկավարները՝ Ռոբերտ Քոչարյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը, հանդես են գալիս Լավրովի պլանին հավատարմության եւ հանրությանը դրա այլընտրանքի բացակայությունը ներշնչելու դիրքերից:
 
Հուշագրի դրույթների «շարքից էր» անկասկած հայտնի ձայնագրության հրապարակումը, որով հանրության ավելի շատ շերտերի համար պարզ պետք է դառնար, թե իրականում ինչ է կատարվել եւ ինչ է իրենից ներկայացնում Լավրովի պլանը:
 
Բայց սրանով կարծես թե ամեն ինչ սահմանափակվեց: Սերժ Սարգսյանի դաշինքի ֆելդֆեբելները ռուսական պրոպագանդոններին հավատարմություն են հայտնում ռուսական ծրագրերին եւ խոսում ռուսական դպրոցների, ավելի խորն ինտեգրման եւ նման բաների մասին: Ինքը Սերժ Սարգսյանը նախընտրական իր քարոզարշավներում իջել է «շարքային ընդդիմադիրի» մակարդակին՝ հայհոյախառն բառապաշարով ու հնամաշ թեզերը կրկնելով:
 
Սերժ Սարգսյանն անկասկած մյուս նախկիններից տարբերվում է շատ հատկանիշներով, այդ թվում, կասկած չկա, որ ամենայն խորությամբ հասկանում է Հայաստանի դեմ ներկայում կիրառվող ռուսական պլանների ողջ հրեշավորությունը, որոնք մեկնարկել են իր նախագահության շրջանից՝ 2013-14-ից: Ցյուրիխ, Կազան, սեպտեմբերի 3, ապրիլյան պատերազմ, ռուսական պրոպագանդայի դաժան մամլիչ անցած նախկին նախագահից սպասելիքներն անշուշտ այլ էին, քան իր թիմի համար մի քանի մանդատը ռուսական սցենարով «երկբեւեռ ընտրությունից»:
 
Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն, իրենց անցյալի իմիջով հանդերձ, այն ուժն են, որ կարող էին ձեւավորել ազգային օրակարգ եւ, ինչու ոչ, ազգային ծրագիր: Նախընտրական խեղկատակությանը մասնակցությունը նույնիսկ կարելի էր ծառայեցնել այդ նպատակին:
 
Դիմադրություն է պետք ռուսական ծրագրերին՝ Արցախում փորձ է արվում իրականացնել Լավրովի պլանի երկրորդ՝ Արցախը թրքացնելու փուլը, ընթացքի մեջ է Սյունիքի մարզի եւ Հայաստանի այլ շրջանների օտարման գործընթացը: Կարելի է անվերջ շարունակել նողկալի ռազբորկաները ռուսների նետած անհեթեթ թեզերի շրջանակում, բայց դա արժանապատիվ, ազգային գործիչների մակարդակը չէ:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play