Էրդողանի այցը Շուշի դիտարկում ենք որպես ուժի ցուցադրման նոր փորձ. Արցախի ԱԺ խմբակցությունների հայտարարությունը


Էրդողանի այցը Շուշի դիտարկում ենք որպես ուժի ցուցադրման նոր փորձ. Արցախի ԱԺ խմբակցությունների հայտարարությունը

  • 15-06-2021 16:33:29   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցություննները հայտարարություն են տարածել՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի 2021թ. հունիսի 15-ին Շուշի կատարած այցի կապակցությամբ: Ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ. 
 
«1915թ. արևմտահայությանը ցեղասպանության ենթարկելուց և հայ ժողովրդի պատմական բնօրրանը բռնազավթելուց հետո Թուրքիան վերջին հարյուր տարիների ընթացքում ձգտել է նույն նախճիրը կատարել նաև արևելահայության նկատմամբ:
 
Հայ ժողովրդի կազմակերպված պայքարի շնորհիվ՝ հայասպան այդ ծրագրերը մշտապես ձախողվել են:
 
2020թ. սեպտեմբերի 27-ին օգտվելով միջազգային և տարածաշրջանային բարենպաստ պայմաններից՝ Թուրքիան ու Ադրբեջանը, միջազգային ահաբեկչական խմբավորումների ներգրավմամբ ուխտադրժորեն հարձակվելով Արցախի Հանրապետության վրա, պատերազմական գործողությունների ընթացքում կրկին փորձել են ցեղասպանության ենթարկել հայությանը:
 
Իր պատմական հայրենիքից հայ ազգաբնակչության բռնի տեղահանության պատճառով հազարավոր մարդիկ հայրենազրկվել են, ոչնչացվել և պղծվել  են ազգային-քրիստոնեական հարյուրավոր կոթողներ:
 
Էրդողանի անհրավեր այցն Արցախի բռնազավթված տարածքներ, մասնավորապես՝ երբեմնի ծաղկուն մայրաքաղաք Շուշի, մենք դիտարկում ենք որպես սպառնալիք և ուժի ցուցադրման նոր փորձ: Դա Բաքվում  «ռազմավարի պուրակի» բացման շարունակությունն է, որը ենթադրում է հետպատերազմյան շրջանում հայ ժողովրդի նկատմամբ հոգեբանական և բարոյական նոր ճնշումների որդեգրում:
 
Էրդողանի սադրիչ գործողությունը տարածաշրջանում Ռուսաստանի խաղաղապահ գործունեության ձախողման փորձ է, փխրուն կայունությանը հարվածելու դիվային ծրագիր:
 
Թուրքիայի նախագահի նմանօրինակ քայլը նոր մարտահրավեր է ոչ միայն ՀՀ-ին և ԱՀ-ին, այլ նաև Ռուսաստանին և Իրանին:
 
Մենք դիմում ենք միջազգային կառույցներին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին, մասնավորապես՝ ՌԴ-ին՝ զսպելու Թուրքիայի ագրեսիվ նկրտումները, որոնք հղի է նոր վտանգներով:
 
Համայն հայությունը այս դժվարին օրերին պետք է բռունցքվի և դիմակայի նոր մարտահրավերներին:
 
Արցախի Հանրապետության  Ազգային ժողովի խմբակցություններ՝
 
«Ազատ Հայրենիք-ՔՄԴ»
 
«Միասնական Հայրենիք»
 
«Արդարություն»
 
«Հայ Հեղափոխական Դաշնակություն»
 
«Արցախի ժողովրդավարական կուսակցություն»
 
15.06.2021թ
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play