Երևան-Թբիլիսի-Բաթումի-Երևան ուղղությամբ մեկնել է այս տարվա առաջին գնացքը


Երևան-Թբիլիսի-Բաթումի-Երևան ուղղությամբ մեկնել է այս տարվա առաջին գնացքը

  • 15-06-2021 16:44:33   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հունիսի 15-ին բացվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ամառային ուղևորափոխադրումների սեզոնը, և Երևան-Թբիլիսի-Բաթումի-Երևան ուղղությամբ մեկնել է այս տարվա առաջին գնացքը: Մինչև հոկտեմբերի 1-ը գնացքն ամեն օր կապելու է Երևանը և վրացական առողջարաններ՝ Բաթումը, Քոբուլեթին, Ուրեկին:
 
Ինչպես տեղեկանում ենք «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից, ուղևորներին այժմ սպասարկելու են Տրանսմաշխոլդինգի կազմում ընդգրկված Տվերի վագոնաշինական գործարանի արտադրության ամենաժամանակակից վագոնները:
 
Դրանք հագեցած են զուգարանային համալիրներով` ցնցուղախցիկներով և խմելու ջրի մաքրիչներով: Բոլոր տեղերը հագեցած են էլեկտրական վարդակներով կամ USB միակցիչներով: Վագոններում հնարավոր դարձավ սպասարկման տարածքներ կազմակերպել՝ տեղադրելով վաճառքի մեքենաներ և սուրճի ապարատներ: 
 
Երկտեղանոց կուպեներում տեղադրված են հեռուստացույցներ: ՀԿԵ-ի ցանկություններին համապատասխան, վագոններում կիրառվել է հատուկ գունային գամման:
 
Այսօրվա դրությամբ արդեն վաճառվել է գնացքի 490 տոմս, իսկ առաջին գնացքով մեկնել է ավելի քան 60 ուղևոր:
 
 Գնացքն աշխատելու է ամեն օր՝ Երևանից մեկնելով ժամը 15:30-ին: Հակառակ ուղղությամբ գնացքը նույնպես աշխատելու է ամեն օր՝ Բաթումից մեկնելով 15:40-ին:
 
Տոմսերը վաճառվում են Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Արմավիրի կայարանների տոմսարկղերում, ինչպես նաև ՀԿԵ կայքում:
 
Տոմսերի գները մեկ անձի համար մեկ ուղղությամբ տատանվում են գրեթե 14 հազար դրամից մինչև 36,3 հազար դրամի սահմաններում՝ կախված վագոնի կարգից:
 
«ՀԿԵ» ՓԲԸ-ն  հանդիսանում  է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն