Եթե 2018-ին հեղափոխություն եղած լիներ, Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին այսօր չէինք տեսնի ընտրապայքարի մեջ. Դավիթ Սանասարյան


Եթե 2018-ին հեղափոխություն եղած լիներ, Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին այսօր չէինք տեսնի ընտրապայքարի մեջ. Դավիթ Սանասարյան

  • 15-06-2021 17:20:16   | Հայաստան  |  Քաղաքական



2018 թվականին հեղափոխություն տեղի չի ունեցել, տեղի է ունեցել մի քանի անձերի փոփոխություն: Եթե հեղափոխություն տեղի ունենար, մենք չէինք տեսնի Ռոբերտ Քոչարյանին քարոզարշավի մեջ, Սերժ Սարգսյանին ու իր թիմին քարոզարշավի մեջ, այլոց չէին տեսնի երկրից փախած: Այս մասին Նոյյան Տապանի «Քննարկում» հաղորդաշարի ժամանակ նշեց «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության հիմնադիր եւ նախագահ, պատգամավորի թեկնածու Դավիթ Սանասարյանը։
 
Ըստ նրա` հեղափոխության արդյունքում երկրում պետք է տեղի ունենար արդարադատություն, բայց դա տեղի չունեցավ: «Ես կարծում եմ` դա Փաշինյանի թուլության արդյունքն է, կարծում եմ` նա ցանկացել է արդարադատություն իրականացնել, բայց չի ստացվել: Հեղափոխության արդյունքում պետք է երկրում տեղի ունենային շատ արագ համակարգային և օրենսդրական մեծ փոփոխություններ: Բայց հեղափոխությունից 3 տարի է անցել ու, օրինակ, ընտրական օրենսգրքի փոփոխություն չենք տեսել, 3 տարի անց քաղաքացին գնում է ընտրության վատ խաղի կանոններով»,- ասաց նա: 
 
Սանասարյանը կարծում է, որ Հանրապետական կոսւակցությունը և մի քանի այլ կուսակցություններ, որոնք «իշխանություն եղած ժամանակ ժողովրդի դեմ հանցանքներ են իրագործել, չպետք է կարողանային մասնակցել ընտրություններին»:
 
«Սակայն սրանք ոչ միայն պատասխանատվության չեն ենթարկվել, այլև հայտ են ներկայացրել նորից իշխանություն վերցնելու: Իհարկե չեն կարողանալու, ժողովուրդը բավականին ադեկվատ է, մենք շփվում ենք մարդկանց հետ, բոլորն էլ ասում են, որ սրանցից պետք է ազատվել: Մենք վաղուց պետք է այս գիծը քաշած լինեինք, և անցած լինեինք երկիրը զարգացնելու ծրագրերը քննարկելով, սակայն դա դեռ տեղի չի ունեցել»,- նշեց քաղաքական գործիչը: 
 
Նա հայտարարեց, որ իրենք են հեղափոխական թիմը` սկզբունքային գործիչներով, և այն խոստումները, որ տեվել են ժողովրդին դեռևս 2018 թվականին, իրենք իրագործելու են. «Մենք չենք շեղվել մեր ճանապարհից, շեղվել է ներկայիս իշխանությունը: Այն խոստումները, որ ժողովրդին տվել ենք  նաև մենք, հասցնելու ենք տրամաբանական ավարտին»:
 
Առավել մանրամասն` տեսանյութում 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական