Արցախի ԱԳՆ-ն դատապարտում է Էրդողանի այցը Շուշի


Արցախի ԱԳՆ-ն դատապարտում է Էրդողանի այցը Շուշի

  • 15-06-2021 18:15:14   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու նրա ընտանիքի ուղեկցությամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի և նրա ընտանիքի անդամների այցը Արցախի պատմական մայրաքաղաք Շուշի, որը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ավերվել է 1920 և 2020 թվականներին, «միջազգային իրավունքի կոպտագույն խախտման, մարդատյացության, ցեղասպան ու ահաբեկչական քաղաքականության վառ դրսևորում է», հայտարարում է Արցախի արտաքին գործերի նախարարությունը:
 
ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է «նման այցերը Արցախի օկուպացված տարածքներ՝ դրանք դիտարկելով որպես սադրանք, ծավալապաշտական և ծայրահեղական ծրագրերի շարունակման հայտ»։
 
Արտգործնախարարությունը նշում է, որ միջազգային հանրությունը պետք է դատապարտի Թուրքիայի սադրիչ գործողությունները, քանի որ նման այցելությունները, դրանց ընթացքում Անկարայի և Բաքվի կողմից հնչեցված գաղափարները, հայտարարությունները, ձեռք բերված պայմանավորվածությունները և միջնադարյան նվաճողական քաղաքականության փառաբանումը լուրջ սպառնալիք են միջազգային և տարածաշրջանային անվտանգության համար, մարտահրավեր՝ ողջ քաղաքակիրթ մարդկությանը, հարված՝ բոլոր այն կազմակերպությունների և կառույցների հեղինակությանը, որոնց անդամակցում է Թուրքիան։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն