Խստորեն դատապարտում ենք Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների համատեղ այցելությունը Շուշի քաղաք. ՀՀ ԱԳՆ

15-06-2021 18:35:07   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Որպես տարածաշրջանային խաղաղության և անվտանգության դեմ ուղղված ակնհայտ սադրանք՝ խստորեն դատապարտում ենք հունիսի 15-ին Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների համատեղ այցելությունն Արցախի՝ ներկայումս ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող հայկական պատմական և մշակութային կենտրոն՝ Շուշի քաղաք: Այս մասին նշվում է ՀՀ արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ: 
 
«Հատկանշական է, որ այս այցելությանը նախորդել էր բռնի կերպով տեղահանված հայկական բնիկ բնակչության կրոնական և պատմամշակութային ժառանգության ավերումը, այդ թվում`
Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ուժերի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում և դրանից հետո թիրախավորված Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարի սրբապղծումը և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի ամբողջական ոչնչացումը։  
 
Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող նմանատիպ գործողությունները, որոնք միտված են` ամրագրելու Արցախի ժողովրդի դեմ ուժի կիրառման հետևանքները, էականորեն վնասում են տարածաշրջանում կայունության հաստատման միջազգային ջանքերին և ամբողջովին անընդունելի են։ Հայ ժողովրդի հանդեպ թուրք-ադրբեջանական ցեղասպան սպառնալիքի չեզոքացումը հրամայական է դարձնում արցախահայության իրավունքների վերականգնումը, այդ թվում՝ Արցախի Հանրապետության գրավված տարածքների դեօկուպացիան և այդ տարածքներից տեղահանված ազգաբնակչության անվտանգ վերադարձի ապահովումը: 
 
Այս սադրիչ գործողությունները հստակորեն բացահայտում են նաև Հայաստանի և հայ ժողովրդի հետ հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ պաշտոնական Անկարայի և Բաքվի
կողմից հնչող հայտարարությունների կեղծ և ապակողմնորոշող բնույթը։
 
Մեկ անգամ ևս շեշտում ենք, որ Արցախի դեմ թուրք-ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքների վերացումը պետք է իրականացվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման շրջանակներում՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության հովանու ներքո»,- նշվում է հայտարարության մեջ: 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 350 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար