Խստորեն դատապարտում ենք Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների համատեղ այցելությունը Շուշի քաղաք. ՀՀ ԱԳՆ


Խստորեն դատապարտում ենք Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների համատեղ այցելությունը Շուշի քաղաք. ՀՀ ԱԳՆ

  • 15-06-2021 18:35:07   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Որպես տարածաշրջանային խաղաղության և անվտանգության դեմ ուղղված ակնհայտ սադրանք՝ խստորեն դատապարտում ենք հունիսի 15-ին Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների համատեղ այցելությունն Արցախի՝ ներկայումս ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող հայկական պատմական և մշակութային կենտրոն՝ Շուշի քաղաք: Այս մասին նշվում է ՀՀ արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ: 
 
«Հատկանշական է, որ այս այցելությանը նախորդել էր բռնի կերպով տեղահանված հայկական բնիկ բնակչության կրոնական և պատմամշակութային ժառանգության ավերումը, այդ թվում` Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ուժերի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում և դրանից հետո թիրախավորված Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարի սրբապղծումը և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի ամբողջական ոչնչացումը։  
 
Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող նմանատիպ գործողությունները, որոնք միտված են` ամրագրելու Արցախի ժողովրդի դեմ ուժի կիրառման հետևանքները, էականորեն վնասում են տարածաշրջանում կայունության հաստատման միջազգային ջանքերին և ամբողջովին անընդունելի են։ Հայ ժողովրդի հանդեպ թուրք-ադրբեջանական ցեղասպան սպառնալիքի չեզոքացումը հրամայական է դարձնում արցախահայության իրավունքների վերականգնումը, այդ թվում՝ Արցախի Հանրապետության գրավված տարածքների դեօկուպացիան և այդ տարածքներից տեղահանված ազգաբնակչության անվտանգ վերադարձի ապահովումը: 
 
Այս սադրիչ գործողությունները հստակորեն բացահայտում են նաև Հայաստանի և հայ ժողովրդի հետ հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ պաշտոնական Անկարայի և Բաքվի կողմից հնչող հայտարարությունների կեղծ և ապակողմնորոշող բնույթը։
 
Մեկ անգամ ևս շեշտում ենք, որ Արցախի դեմ թուրք-ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքների վերացումը պետք է իրականացվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման շրջանակներում՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության հովանու ներքո»,- նշվում է հայտարարության մեջ: 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն