Տիեզերական հետազոտությունների բնագավառում Հայաստանը մեծ ներուժ ունեցող երկիր է. Հայկ Չոբանյանը՝ GLEX-2021 համաժողովում

15-06-2021 21:20:19   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը մասնակցում է
Սանկտ Պետերբուրգում հունիսի 14-ին մեկնարկած «Տիեզերական տարածության հետազոտում»՝ GLEX-2021 (Global Space Exploration Conference), խորագիրը կրող միջազգային համաժողովին: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, տիեզերական, ավիացիոն, աստղագիտության բնագավառներին առնչվող ներկայացուցչական այս համաժողովի բացման հանդիսավոր արարողության ընթացքում նախարարի պաշտոնակատարն հանդես է եկել ելույթով:
 
Հայկ Չոբանյանն ընդգծել է, որ տիեզերական հետազոտությունների  բնագավառում Հայաստանը մեծ հավակնություններ և ներուժ ունեցող երկիր է։ Ուստի, մեր երկրի համար անչափ կարևոր է համագործակցությունը ոլորտի հիմնական դերակատարների հետ, ինչպես նաև փորձի փոխանակումն այնպիսի ուշագրավ միջոցառումներում, ինչպիսին  GLEX 2021- ն է: 
 
«Այսօր աշխարհում առաջնային խնդիր է նորարարական տեխնոլոգիաների ներդրումն ու թվայնացումը բոլոր ոլորտներում՝ ներառյալ տիեզերական հետազոտությունների ոլորտը: Հաշվի առնելով, որ տիեզերական հետազոտությունը զուգորդվում է տեխնոլոգիական առաջընթացով, ՀՀ կառավարությունը ներդրումներ է կատարում այս ուղղությունը զարգացնելու համար: Մենք ջանում ենք համագործակցել աշխարհի առաջատար երկրների հետ՝ խաղաղ նպատակներով տիեզերական տարածությունը օգտագործելու և այլ գլոբալ նախագծերում ներգրավվելու համար»,- ասել է Հայկ Չոբանյանը:
 
Համաժողովի ընթացքում, որը կտևի  մինչև հունիս 18-ը, բացվել է մասնագիտացված ցուցահանդես, նախատեսվում են լիագումար նիստեր տիեզերական գործակալությունների ղեկավարների մասնակցությամբ։ Տեղի կունենան նաև թեմատիկ քննարկումներ, բանակցություններ, փոխգործակցության ֆորում, հատուկ նիստ՝ նվիրված Յուրի Գագարինի թռիչքի 60-ամյակին:  
 
GLEX 2021-ը կազմակերպել է «Ռոսկոսմոս» պետական կորպորացիան` Համաշխարհային աստղագնացության ֆեդերացիայի հետ համատեղ:
 
Համաժողովի հիմնական նպատակն է միավորել տարբեր երկրների գիտնականներին,
ինժեներներին, դիզայներներին, ովքեր ձգտում են ուսումնասիրել և տիրապետել տիեզերական տարածությունը, ցանկանում են կիսվել իրենց մտքերով, ծրագրերով և պատրաստ են դրանք քննարկել գործընկերների հետ:
 
GLEX-2021- ին ներկա են 59 երկրների մոտ 800 ներկայացուցիչներ, այդ թվում` Չինաստանի, Հնդկաստանի, ԱՄՆ-ի, Կանադայի, Մեքսիկայի, Բրազիլիայի, որոնց կողմից ներկայացվելու են 576 զեկույցներ:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 115 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար