Հազվագյուտ ուժեր են հիշում Արցախի կարգավիճակը, մյուսների գլխում գեներալ Մուրադովի հոլոգրամն է


Հազվագյուտ ուժեր են հիշում Արցախի կարգավիճակը, մյուսների գլխում գեներալ Մուրադովի հոլոգրամն է

  • 15-06-2021 20:38:27   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Lragir.am-ը գրում է. ««Պատիվ ունեմ» դաշինքը խոստանում է ընտրապայքարում հաջողության հասնելու դեպքում Արցախի կարգավիճակի հարցով ակտիվ աշխատանքներ տանել, ասել է դաշինքի ընտրական ցուցակի անդամ Արտակ Զաքարյանը:
 
Նա ասել է, որ իրենց դաշինքի ցուցակը գլխավորող Արթուր Վանեցյանը քարոզարշավը սկսել է հենց Արցախից: «Մեր դաշինքի քարոզարշավը սկսվեց Արցախից, որովհետև Արցախի խնդիրը մենք միշտ բաց ենք պահելու: Արցախի կարգավիճակի հարցը  ՀՀ անվտանգության  կարևորագույն էլեմենտներից մեկն է, մեր տարածաշրջանում խաղաղ գոյակցության և կոմունիկացիաների խաղաղ գործակցության կարևորագույն էլեմենտներից մեկն է, և մենք դրան անպայման հասնելու ենք»,- ասել է Զաքարյանը:
 
Արտահերթ ընտրությունները Հայաստանում նշանակվեցին այն բանից հետո, երբ Արցախյան պատերազմից հետո քաղաքական ճգնաժամը Երեւանում հասավ գագաթնակետին։ Դրանով հանդերձ, նախընտրական քարոզչության ժամանակ հազվադեպ ուժեր են միայն խոսում Արցախի եւ կարգավորման իրենց տեսլականի մասին։ Հայաստանի խորհրդարանն այս ամիսներին այդպես էլ քաղաքական գնահատական չտվեց պատերազմին, չճանաչեց Արցախը եւ վերամիավորման մասին որոշում չընդունեց։
 
Այս ամիսների ընթացքում Նիկոլ Փաշինյաննն այդպես էլ չայցելեց Արցախ։ Էրդողանի եւ Ալիեւի այսօրվա Շուշի կատարած այցի ֆոնին դա առավել չարագուշակ է թվում։ Նախընտրական հանդիպումների ժամանակ Փաշինյանը գրեթե չի խոսում Արցախից, բացի «անջատում հանուն փրկության» թեզից։ Արցախի Հայաստանից «անջատումից» են խոսում ով ասես՝ Ռուսաստանը, Բաքուն, երեւանյան քաղաքական գործիչները։
 
Լեռնային Ղարաբաղի ճանաչումը Հայաստանի կողմից 44-օրյա պատերազմի օրերին ոչինչ չէր փոխի մեր շահերի առումով, ասել է Ռոբերտ Քոչարյանը ռուսական պետական Sputnik Армения, RT եւ РИА Новости լրատվամիջոցներին տված հարցազրույցում. «Մենք չէինք ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը, որպեսզի պատերազմ չհրահրենք», ասել է Քոչարյանը։ Սակայն նա չի ասել, թե ինչու պատերազմ սկսեց «առանց Արցախը ճանաչելու», կամ ի՞նչն է խանգարել ճանաչել Արցախը, երբ պատերազմն, այնուամենայնիվ, սկսել է։ Եւ արդյոք նա հիմա հանդես է գալիս ճանաչման օգտին։
 
Քոչարյանն ասել է, որ Ադրբեջանի ռազմարշավի լեգիտիմության նշան կարելի է համարել այն, որ «ոչ մի երկիր չի դատապարտել Բաքվի կողմից ռազմական գործողություններ սկսելը»։
 
Ի՞նչ է ստացվում։ Գործող իշխանությունը բոլոր ուժերը նետում է «Սյունիքի պաշտպանությանը», որպեսզի ոչ ոք չհիշի Արցախի մասին, իսկ իշխանության հավակնող Քոչարյանն ասում է, որ ճանաչումը ոչինչ չի տալու Արցախին, եւ Արրբեջանի ռազմարշավն էլ լեգիտիմ է։ Նա նաեւ ասում է, որ պետք է անժամկետ երկարացնել ռուս խաղաղաապահների մանդատը Ղարաբաղում, իսկ ինչ վերաբերում է Շուշիին, նա կասկածում է, բայց Հադրութը հույս կա վերադարձնել։
 
Ինչպե՞ս են ընդհանրապես Հայաստանում պատկերացնում կյանքը Արցախում ընտրություններից հետո։ Խոսքը Արայիկ Հարությունյանի եւ ինպոտենտ խորհրդարանի ճակատագրի մասին չէ։ Ոչ էլ այն մասին, թե կշարունակվի՞ արդյոք 68 հազար ողորմության տրամադրումը։ Խոսքն այն մասին է, թե կարո՞ղ են մարդիկ մտածել սեփական ճակատագրի մասին՝ հայ քաղաքական գործիչների գլխում գեներալ Մուրադովի հոլոգրամից զատ»։ 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play