Պատրաստ ենք կատարել բոլոր քայլերը Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունները նորմալացնելու համար, ասել է Էրդողանը


Պատրաստ ենք կատարել բոլոր քայլերը Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունները նորմալացնելու համար, ասել է Էրդողանը

  • 15-06-2021 20:12:18   | Թուրքիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

Բռնազավթված Շուշիում տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպումը, որից հետո համատեղ մամուլի ասուլիս է կազմակերպվել։
 
Ինչպես հայտնում է Ermenihaber.am-ը, մամուլի ասուլիսում Էրդողանը գոհունակություն է հայտնել, որ Շուշին «ազատագրվել է հայկական բռնազավթումից»։ Ցույց տալով կիսաքանդ շինությունը, որի առջև կազմակերպվել էր մամուլի ասուլիսը՝ Էրդողանը նշել է, թե իբր դա «հայերի վայրագությունների վկան է»։
 
Էրդողանը շեշտել է, որ Շուշիի ճանապարհին տեսել են այն մեծածավալ աշխատանքները, որոնք կատարվում են Լեռնայիչն Ղաարաբաղի ենթակառուցվածքների վերականգման ուղղությամբ՝ նշելով որ կառուցվում են ՀԷԿ-եր, ճանապարհներ, Էլեկտրաէներգիայի ապահովման համար հոսանքագծեր, ջրատարներ, Ֆիզուլիի օդանավակայանը և այլն։
 
Նա հավաստիացրել է, որ Թուրքիան շարունակելու է Ադրբեջանին ամեն տեսակ աջակցություն ցուցաբերել։ Ղարաբաղում գործունեություն կծավալի Թուրքիայի կառավարությանը կից բնակարանաշինության հարցերով զբաղվող վարչությունը։
 
Էրդողանը տարածաշրջանում ազդեցություն ունեցող բոլոր կողմերին կոչ է արել տեսնել իրողությունները, ընդունել Ադրբեջանի հաղթանակը և նայել դեպի ապագան։ Ըստ նրա՝ հրադադարի պայմանագրից հետո բոլոր կողմերի համար նոր հնարավորություններ են ծագել տարածաշրջանային համագործակցության հարցում։
 
Այս համատեքստում Էրդողանը հետևյալ շեշտադրումն է արել․ «Թուրքիան ցանկանում է տարածաշրջանում բարիդրացիական հարաբերություններն ուղղորդել դեպի ավելի խորը համագործակցության հուն։ Մեր ցանկությունն է, որ Հայաստանը սեղմի իրեն մեկնված բարի կամքի և համերաշխության ձեռքը։ Հույս ունենք, որ Հայաստանը ճիշտ կօգտագործի ապագան համատեղ կառուցելու այս հնարավորությունը»։
 
Էրդողանը խոսել է վեցնյակի կովկասյան պլատֆորմի մասին՝ նշելով, որ դա պատմական հնարավորություն է տարածաշրջանում խաղաղ կյանք ստեղծելու համար։ Այդ նպատակի իրագործման համար նշել է, թե ինքը և «իր եղբայր Ալիևը» պատրաստ են ամեն զոհողության։ Վստահեցրել է, որ նույն զոհողությանը պատրաստ է նաև ՌԴ նախագահ Պուտինը։
 
Տարածաշրջանում նոր ստատուս-քվոյին աջակցող բոլոր կողմերին Թուրքիայի նախագահը կոչ է արել հրաժարվել ատելություն հրահրելու քաղաքականությունից և խրախուսել խաղաղ համագործակցությունը։
 
«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ երբ նման մթնոլորտ ձևավորվի, մենք  ևս պատրաստ կլինենք անել մեզնից կախված ամեն բան Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար։
 
Հավատում ենք, որ այս հուսադրող գործընթացն ավելի առողջ և արդյունավետ կընթանա, եթե  Հայաստանի ու Ադրբեջանի ստորագրած հրադադարի պայմանագիրը պսակվի համապարփակ և տեսլական ունեցող հաշտության պայմանագրով»։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը