Վստահ եմ, որ հայ-չինական փոխշահավետ համագործակցությունը կշարունակի ամրապնդվել. նախագահը ուղերձ է հղել Ծինփինին
16-06-2021 12:39:23 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Հայկական ժամանակ. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ, Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Սի Ծինփինին՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կոմունիստական կուսակցության հիմնադրման հարյուրամյակի առթիվ:
ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ Սարգսյանի ուղերձում մասնավորապես ասվում է.
«Հայաստանը կարևորում է Չինաստանի հետ բարեկամական հարաբերությունների հետագա զարգացումը։ Վստահ եմ, որ հայ-չինական փոխշահավետ համագործակցությունը կշարունակի ամրապնդվել և խորանալ՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների: Մեծապես արժևորելով Չինաստանի կոմունիստական կուսակցության և Ձեր առաջնորդությամբ Չինաստանում իրականացվող արդյունավետ բարեփոխումները՝ մաղթում եմ Ձեզ նորանոր հաջողություններ, իսկ Չինաստանի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և խաղաղություն»։
Նախագահ Սարգսյանը Սի Ծինփինին շնորհավորել է նաև ծննդյան օրվա առթիվ և հղել իր ջերմ բարեմաղթանքները։