Ներկայանալով որպես ադրբեջանցի զինծառայող՝ թրաֆիքինգի է ենթարկել Արցախյան պատերազմում անհետ կորած զինծառայողների՝ իգական սեռի հարազատներին

16-06-2021 15:59:23   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմում անհետ կորած համարվող՝ ՀՀ զինված ուժերի զինծառայողների՝ իգական սեռի հարազատներին կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով, ցանկանալով ներկայանալ որպես Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող, Գորիս քաղաքի 40-ամյա բնակիչն իր կողմից «Facebook.com»  համացանցային կայքում նախկինում բացված՝ «Arman Armeni Xachatryan» օգտանունով անհատական էջը վերանվանել է «Азиз Мурадов» անվամբ: Այնուհետև՝ 2021թ. հունվար և փետրվար ամիսներին, նույն համացանցային կայքում կատարված որոնումների արդյունքում հայտնաբերել է օգտատերերի, այդ թվում նաև 14-ամյա աղջկա, ովքեր համացանցային կայքում իրենց անհետ կորած զինծառայող հարազատներին որոնելու կամ նրանց գտնվելու
վայրի մասին տեղեկություններ ստանալու վերաբերյալ հրապարակումներ էին կատարել: 
Առանձնացնելով իր համար նախընտրելի իգական սեռի օգտատերերին՝ 40-ամյա տղամարդը «Մեսենջեր» հեռահաղորդակցման հավելվածի միջոցով հաղորդագրություններ է ուղարկել նրանց՝ հայտնելով, թե իբր վերջիններիս անհետ կորած հարազատները գտնվում են Ադրբեջանի Հանրապետության քրեակատարողական հիմնարկներում և ինքը անմիջական շփում ունի նրանց հետ: Օգտատերերից շատերը չեն պատասխանել ուղարկված հաղորդագրություններին, սակայն ոմանք, հավատալով և ցանկանալով տեղեկություններ ստանալ իրենց հարազատների մասին, պատասխանել են նամակին և սկսել նամակագրություն վարել վերջինիս հետ:
 
Տղամարդը, օգտվելով նրանց վիճակի խոցելիությունից, կեղծ խոստումներ տալով, որ կկազմակերպի հեռախոսազրույց գերևարված զինծառայողների հետ, ուղարկել է «Magicut» և «Cupace» ծրագրային հավելվածների միջոցով վերափոխված լուսանկարներ՝ դրանցում տեղադրելով անհետ կորած զինծառայողի դեմքը: Օգտվելով այն հանգամանքից, որ իր հետ նամակագրություն վարող անձինք հավատացել են իր կողմից հայտնած տեղեկություններին՝ նրանցից պահանջել, ապա հարկադրել է «Մեսենջեր» հեռահաղորդակցման հավելվածի միջոցով ուղարկել մերկ վիճակում կատարված լուսանկարներ ու տեսագրություններ՝ հակառակ պարագայում սպառնալով կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրել նրանց գերևարված հարազատների նկատմամբ կամ սպանել վերջիններիս: 
 
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 40-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով և 132.2-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
 
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ դատարան ուղարկելու միջնորդությամբ: 
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի
մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:           
 
                                                                                   
ՀՀ քննչական կոմիտե
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 113 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար