Ընտրակաշառք բաժանելու և ստանալու համար մեղադրանք է առաջադրվել ևս 8 անձի

16-06-2021 16:39:34   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Գավառի տարածաշրջանի ընտրողներին սննդամթերքի տեսքով կաշառք տալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք
է առաջադրվել ևս 8 անձի, հայտնում են ՀՀ հատուկ քննչական ծառայությունից :
 
Մասնավորապես` նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2021թ. հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկի ներկայացուցիչ Ս. Զ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված այն հանցավոր արարքի կատարման համար, որ վերջինս Գավառի տարածաշրջանի ընտրողներին սննդամթերքի տեսքով կաշառք է տվել նշված կուսակցության օգտին կողմ քվեարկելու
համար:
 
Ըստ առաջադրված մեղադրանքի` Ս. Զ.-ն, հանդիսանալով կուսակցության Գավառի տարածքային գրասենյակի քարտուղար, նույն գրասենյակի ղեկավարի հետ, համաձայն նախապես կազմված ցուցակի, 2021թ. հունիսի 9-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառի տարածաշրջանի մի շարք ընտրողների տվել է 7000-ական ՀՀ դրամ արժողությամբ սննդամթերքի տեսքով կաշառք` 2021թ. հունիսի 20-ին նշանակված ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար:
 
Եվս 7 անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 1-ին մասով` սննդամթերքի տեսքով ընտրակաշառք ստանալու համար: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
 
Բացի այդ, նախաքննության ընթացքում բացահայտվել են ընտրակաշառք բաժանելու և ստանալու այլ դեպքեր: Մասնավորապես` կատարված խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել են կուսակցության ներկայացուցիչների կողմից նախապես կազմված այն ընտրողների ցուցակները, որոնց 2021թ. հունիսի 9-ին  սննդամթերքի տեսքով ընտրակաշառք է բաժանվել: Ավելի քան երեք տասնյակ քաղաքացիներ հարցաքննվել են հիշյալ հանգամանքների շուրջ և հաստատել կուսակցության օգտին քվեարկելու համար 7000-ական ՀՀ դրամ արժողությամբ սննդամթերք ստանալու հանգամանքը:
 
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հիշյալ քրեական գործով ավելի վաղ մեղադրանք էր առաջադրվել 1 անձի, որի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:
 
Այսպիսով, վերը նշված քրեական գործի նախաքննության այս փուլում 9 անձ ունի մեղադրյալի կարգավիճակ:
 
Նախաքննությունը շարունակվում է:
 
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 84 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար