Ռուսաստանի հետ պետք է շատ լուրջ գործընթաց սկսել, իրենց ռազմական ներկայությունը ուժեղացնելու համար. Քոչարյան


Ռուսաստանի հետ պետք է շատ լուրջ գործընթաց սկսել, իրենց ռազմական ներկայությունը ուժեղացնելու համար. Քոչարյան

  • 16-06-2021 17:40:51   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

«Հատկապես հիմա երկրի անվտանգությունն ունի լրջագույն պրոբլեմներ և մեր զինված ուժերի վերականգնմամբ զբաղվելուց բացի, մենք պետք է փորձենք ռուսական ներկայությունն այստեղ դարձնել ժամանակակից»,- պատասխանելով մարալիկցիների հարցերին՝ հայտարարել է «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը և հավելել, որ այն հնարավոր է և պետք է անել՝ հաշվի առնելով, թե ինչպիսի զարգացումներ են տեղի ունենում մեր տարածաշրջանում, հայտնում է Panorama.am-ը: 
 
Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ ներկայում նկատելի է տարածաշրջանում Թուրքիայի դերակատարության աճ, որը մտնում է այնպիսի ոլորտներ, որոնցում, դեռ մի քանի տարի առաջ, դժվար էր ենթադրել, որ նման քայլ կանի:
 
«Երբ նայում ես քարտեզին, ակնհայտ է՝ միակ երկիրը, որը կարող է զսպող գործոն դառնալ Թուրքական էքսպանսիային՝ դա Ռուսաստանն է։ Այդ տեսանկյունից պետք է Ռուսաստանի հետ շատ լուրջ գործընթաց սկսել, իրենց ռազմական ներկայությունը ուժեղացնելու համար»,- ասաց ՀՀ երկրորդ նախագահը և հավելեց, որ երկրի ուժեղացումը չպետք է լինի միայն ռուսական ներկայությամբ:
 
Նա շեշտեց, որ Հայաստանը մեծ կշիռ է ունեցել տարածաշրջանում, քանի որ երկար տարիներ բոլորի մոտ այն ընկալումն է եղել, որ Հայաստանի բանակը տարածաշրջանում ամենամարտունակն է, և հիմա, ըստ էության, այդ ընկալումը կորցրել է, իսկ դա նշանակում է նաև երկրի կշիռի փոքրացում, հետևաբար, ըստ Ռոբերտ Քոչարյանի, ռուսական բազայի հետ միասին նաև Հայաստանի  ռազմական հզորությունը պետք է մեծացնել:
 
«Այսպիսին է աշխարհը, եթե դու թուլացել ես, հնարավորություններ չունես, քո հետ ուղղակի հաշվի չեն նստում: Եղել ենք գործոն, դարձել ենք կցորդ և հիմա պետք է անենք ամեն ինչ, որպեսզի դառնանք գործոն այս տարածաշրջանում, այլ ոչ թե՝ գործոն պատերազմելու համար»,- հայտարարեց «Հայաստան» դաշինքի առաջնորդը և կրկին շեշտեց, որ բանակը հզորացնելու են ոչ պատերազմելու համար:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը