ԵԽ տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 40-րդ նստաշրջանում ընդունվել է Հայաստանի վերաբերյալ զեկույցը

16-06-2021 18:45:05   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը  մասնակցել է ԵԽ տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 40-րդ նստաշրջանի աշխատանքներին։ Առցանց հարթակում Կոնգրեսն ընդունել է  Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի իրականացման  շրջանակում Հայաստանի  վերաբերյալ մոնիտորինգի զեկույցը, տեղեկանում ենք ՏԿԵ նախարարությունից: 
 
Հայաստանի հարցով զեկուցողներ Գունն Մարիտ Հելկեսենը և Բրյոնի Ռուդկինը դրական են համարել  տեղական ժողովրդավարության կայացման, տեղական և տարածքային բարեփոխումների ուղղությամբ Հայաստանի իրականացրած քայլերը՝  ընդգծելով  Հայաստանի և Կոնգրեսի միջև ձևավորված  կառուցողական  համագործակցության  մասին։ Համազեկուցողները կարծիք են հայտնել, որ անկախ գրանցված ձեռքբերումներից, Հայաստանը դեռ անելիքներ ունի տարածքային բարեփոխումները շարունակելու, ապակենտրոնացման, տեղական իշխանությունների լիազորությունների ընդլայնման և  ֆինանսական ռեսուրսների ապահովման
ուղղությամբ։ «Բոլոր փոփոխությունները և բարեփոխումներին ուղղված Հայաստանի ջանքերը կբացեն նոր հնարավորություններ և հեռանկարներ  Հայաստանում ժողովրդավարության զարգացման համար։ Մենք հետաքրքրությամբ սպասում ենք հետագա համագործակցության ծավալմանը, որը մենք ձևավորել ենք ընթացիկ տարիներին Հայաստանի իշխանությունների հետ»,-նշել են համազեկուցողները։
 
Վերջիններս անդրադարձ են կատարել  նաև կառավարության և ազգային ասոցիացիաների հետ համագործակցության ամրապնդման անհրաժեշտությանը։
 
Հայաստանում Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի իրականացման զեկույցի քննարկմանը հաջորդել են  կարծիքների փոխանակում, որից հետո   Կոնգրեսը միաձայն ընդունել է  Հայաստանում տեղական ժողովրդավարության իրավիճակի վերաբերյալ զեկույցը։ 
 
Փոխնախարար Վաչե Տերտերյանն  իր ելույթում  երախտագիտություն է  հայտնել Կոնգրեսին և քարտուղարությանը՝ քաղաքականության մշակման  և տրամադրվող շարունակական տեխնիկական աջակցության բնագավառներում սերտ և լայն համագործակցության համար։ «ԵԽ-ին Հայաստանի անդամակցության ժամանակահատվածում մեր երկիրը ձևավորել է համագործակցության լայն շրջանակ, և այս համատեքստում կարևոր տեղ է գրավում տեղական ժողովրդավարության ձևավորման և դրա հետագա կատարելագործման աշխատանքները: Եվրոպայի խորհուրդը նպաստել է տեղական ինքնակառավարման արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ կայուն կառույցներ ստեղծելու հարցում մեր ազգային ջանքերին և միջազգային փորձի համադրմանը»,-նշել է Վ․ Տերտերյանն իր ելույթում:
Փոխնախարարի խոսքով՝ կառավարությունն ակտիվորեն օգտագործում է նաև  ազգային ասոցիացիաների փորձագիտական ներուժը՝ ապահովելով նրանց մասնակցությունը 
տարբեր աշխատանքային խմբերում ու օրենսդրական նախաձեռնություններում։
 
Փոխնախարարը ներկայացրել է տեղական ժողովրդավարության ուղղությամբ Հայաստանի անելիքները՝  նշել, որ Հայաստանը բարձր է  գնահատում համազեկուցողների աշխատանքը, գնահատականները և  առաջարկությունները, որոնք, հաշվի կառնվեն հետագա աշխատանքում: «Մենք լավատես ենք այն արդյունքների վերաբերյալ, որոնց կարող ենք հասնել ՝ հիմնվելով մեր կառավարության շարունակական ջանքերի, քաղաքացիական հասարակության ինստիտուտների ակտիվ ներգրավվածության և Եվրոպայի խորհրդի արժեքավոր աջակցության վրա»,-ասել է Վ․Տերտերյանը:
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 93 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար