Շուշիից ռուսներին՝ Կարսի պայմանագրի հարցում առանցքային դեր ունեք, պետք է մեզ հետ լինեք


Շուշիից ռուսներին՝ Կարսի պայմանագրի հարցում առանցքային դեր ունեք, պետք է մեզ հետ լինեք

  • 16-06-2021 19:50:40   | Ադրբեջան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Lragir.am-ը գրում է. «Ալիեւն ու Էրդողանը Շուշիում մի փաստաթուղթ են ստորագրել, որն,՝ ըստ Ալիեւի, «հենվում է Կարսի պատմական պայմանագրի վրա»։
 
Շուշիում Էրդողանը հոգնած տեսք ուներ։ Բայդենի հետ հանդիպումից հետո, որի հետ «փառք Աստծո, չեն խոսել Հայերի ցեղասպանության ճանաչումից», ՆԱՏՕ-ի, Ամերիկայի եւ Արեւմուտքի դեմ չգնալու հավաստիումներից, Հունաստանի հետ հաշտողական քայլերից հետո Էրդողանը մեկնել է Շուշի։ Նա հասկանում է, որ Թուրքական հանրապետության 100-ամյակը կարող է նրա վերջը դառնալ, եթե սկսվի պայմանագրային բազայի վերանայում։ Եվ Կարսի պայմանագրի մասին հիշատակումը պատահական չէ։ 
 
Կարսի պայմանագիրը 1921 թվականին Թուրքիայի կողմից ստորագրել է քեմալիստների ոչ լեգիտիմ իշխանությունը, թեեւ այն ժամանակ Թուրքիայի միջազգայնորեն ճանաչված ղեկավարն էր սուլթանը։ Թուրքիայի հանրապետությունը միայն 1923 թվականին է հռչակվել, եւ Կարսի պայմանագիրը մինչ այսօր կասկածի տակ չի դրվում միայն այն պատճառով, որ դա չեն պահանջում կողմերը՝ Վրաստանը, Ադրբեջանը, Հայաստանը, Թուրքիան եւ Ռուսաստանը։
 
Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերը չկան ՄԱԿ-ի միջազգային փաստաթղթերի ռեգիստրում։ Եվ հոգնած Էրդողանը Կրեմլին հիշեցնում է այդ պայմանագիրը, որի «օրինականությունը» լիովին կախված է Հայաստանից։ Մնացած բոլորը գոհ են պայմանագրից։
 
«Շուշիի հռչակագիրը ստորագելուց հետո, որը Ալիեւը համեմատել է Կարսի պատմական պայմանագրի հետ՝ իսկ այդ փաստաթղթում Ռուսաստանը առանցքային դեր ուներ, Էրդողանը ընգծել է ՌԴ նախագահ Պուտինի պատմական դերը՝ տարածաշրջանում աղետի եւ ռազմական գործողությունների կանխարգելման գործում, – գրում են Բաքվի թերթերը։ – Էրդողանը խոսել է ոչ միայն Ադրբեջան-Թուրքիա-Ռուսաստան աշխարհաքաղաքական եռանկյան մասին, այլեւ պատմել «7 պետության հարթակ» ստեղծելու իր երազանքի մասին»։
 
Բաքվում խոսում են, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան չի հայտարարել Ադրբեջանում ռազմաբազաներ ստեղծելու մասին, որ չնեղացնի Ռուսաստանին։ «Ադրբեջանի եւ Թուրքիայի դաշինքն ուղղված չէ Ռուսաստանի դեմ», ասում են նրանք։
 
Բաքվի արձագանքները Ռուսաստանից պատասխան-հավաստիացում են սպասում․ դուք մեզ հե՞տ եք»։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը