Այսօր եթերում կբանավիճեն ընտրություններին մասնակցող ուժերի մի մասի առաջին համարները. ովքե՞ր են ընդգրկված այս խմբում


Այսօր եթերում կբանավիճեն ընտրություններին մասնակցող ուժերի մի մասի առաջին համարները. ովքե՞ր են ընդգրկված այս խմբում

  • 16-06-2021 20:12:18   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Հայկական ժամանակը գրում է. «Չնայած որոշ ուժերի դժգոհություններին՝ ընտրություններին մասնակցող ուժերի առաջին դեմքերի մասնակցությամբ Հանրային հեռուստաընկերության կազմակերպած նախընտրական բանավեճի առաջին մասն այսօր տեղի կունենա:
 
Այս դեբատին, ինչպես մեզ հայտնեցին Հանրայինից, հրավիրվել են 13 քաղաքական ուժեր: Նույնքան ուժեր են հրավիրվել նաեւ վաղվա եթերին: Հեռուստաընկերությունից մեր հարցին ի պատասխան հայտնեցին, որ բաժանման համար որպես սկզբունք ընտրել են այն հանգամանքը, թե տվյալ ուժը Արդարադատության նախարարության պետական ռեգիստրում երբ է գրանցվել: Ամենահին ուժերի առաջնորդները կբավնավիճեն այսօր, իսկ համեմատաբար նոր ստեղծվածներինը՝ վաղը:
 
Այսպիսով, խմբերը բաժանվել են հետեւյալ կերպ.
 
«Մեր տունը Հայաստանն է» կուսակցություն – Տիգրան Ուրիխանյան
«Քաղաքացու որոշում» կուսակցություն – Սուրեն Սարգսյան
Հայաստանի եվրոպական կուսակցություն -Տիգրան Խզմալյան
«Ազգային օրակարգ» կուսակցություն - Արա Հակոբյան
«Շիրինյան-Բաբաջանյան» ժողովրդավարների դաշինք -Արման Բաբաջանյան
«Վերելք» կուսակցություն - Ալեքսան Մինասյան
«Ազատական» կուսակցություն – Սամվել Բաբայան
«Զարթոնք» կուսակցություն – Արա Զոհրաբյան
«Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն – Դավիթ Սանասարյան
«Ազգային ժողովրդավարական բևեռ» կուսակցություն – Վահե Գասպարյան
«Համահայկական ազգային պետականություն» (ՀԱՊԿ) կուսակցություն – Արթուր Վարդանյան
«Արդար Հայաստան» կուսակցություն – Նորայր Նորիկյան
«Միասնական Հայրենիք» կուսակցություն – Լուսինե Ավագյան
 
Վաղվա խմբում ընդգրկված են՝
 
«Հանրապետություն» կուսակցություն – Արամ Սարգսյան
«Պատիվ ունեմ» - Արթուր Վանեցյան
«Ազատ Հայրենիք» դաշինք – Միքայել Հայրապետեան
«Հայ ազգային կոնգրես» կուսակցություն – Լեւոն Տեր-Պետրոսյան
«Ազատություն» կուսակցություն – Հրանտ Բագրատյան
Հայաստանի դեմոկրատական կուսակցություն – Արամ Գ. Սարգսյան (առաջին համարը ներկայացնող Տիգրան Արզաքանցյանի գրանցումը մերժվել է)
Հայաստան դաշինք – Ռոբերտ Քոչարյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն – Գագիկ Ծառուկյան
«5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցություն – Կարին Տոնոյան
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – Նիկոլ Փաշինյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն – Էդմոն Մարուքյան
«Հայոց Արծիվներ Միասնական Հայաստան» կուսակցություն – Խաչիկ Ասրյան (կուսակցությունը ինքնաբացարկ է հայտնել)
«Հայոց հայրենիք» կուսակցություն – Արտակ Գալստյան
 
Ինչպես հայտնի է, առաջին խմբում ընդգրկված 9 ուժերի ներկայացուցիչներ հայտարարել են, որ հրաժարվում են մասնակցել բանավեճին, քանի որ հեռուստաբանավեճի ձևաչափը խտրական մոտեցում է ցուցաբերում: Մասնավորապես, ըստ այդ ուժերի, իրենց չի տրվում հնարավորություն բանավիճել եւ հարցեր ուղղել նախկին եւ ներկա իշխանությունների ցուցակները գլխավորող անձանց։
 
Բանավեճից հրաժարվելու մասին հայտարարած ուժերն են.
 
Ազատական կուսակցությունը (Սամվել Բաբայան), «Ազգային օրակարգը» (Արա Հակոբյան), «Արդար Հայաստանը» (Նորայր Նորիկյան), «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը (Դավիթ Սանասարյան), «Համահայկական ազգային պետականությունը» (Արթուր Վարդանյան), «Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունը (Տիգրան Ուրիխանյան), Միասնական Հայրենիք Կուսակցությունը (Լուսինե Ավագյան), «Շիրինյան-Բաբաջանյան Ժողովրդավարների Դաշինքը» (Արման Բաբաջանյան), «Քաղաքացու որոշումը» (Սուրեն Սահակյան):
 
Հանրայինից այս կապակցությամբ ասացին, որ տաղավարում 13 անձինց ավելի մասնակից տեղավորելու տեխնիկական հնարավորություն չկա եւ չնայած դժգոհություններին՝ ամեն դեպքում բանավեճը տեղի ունենալու է: Ինչ վերաբերում է դրանց մասնակիցների թվին՝ ընդգծեցին, որ մինչեւ վերջին պահը հաստատումներ ու մերժումներ են լինում, ուստի թիվ չեն կարող ասել:
 
Նշենք, որ անորոշ է նաեւ վաղվա բանավեճի մասնակիցների թիվը: ՀՀ վարչապետի պաշտոնակատարը հավանաբար չի կարողանա մասնակցնել այդ բանավեճին, քանի որ վաղը ՔՊ եզրափակիչ հանրահավաքն է: Այս մասին պաշտոնական տեղեկություն ստանալ չհաջողվեց: Կգնա՞ն այդ բանավեճին ՀՀ նախկին նախագահները, թե՞ ոչ, պարզ կդառնա հավանաբար վաղը:
 
Նշենք, որ խորհրդարանի կողմից ընդունված օրենսդրական փոփոխությունների համաձայն հաջորդ ընտրություններին առաջին դեմքերի հեռուստաբանավեճերը լինելու են ոչ թե ըստ ցանկության, այլ պարտադիր»:   
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play