Բոլոր ռազմագերիները պետք է անհապաղ հայրենադարձվեն. Նիդերլանդները շարունակելու է հարցի բարձրաձայնումը


Բոլոր ռազմագերիները պետք է անհապաղ հայրենադարձվեն. Նիդերլանդները շարունակելու է հարցի բարձրաձայնումը

  • 17-06-2021 10:43:04   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Արմենպրես. Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հունիսի 16-ին նիստի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, խորհրդարանականների և ԱԳ նախարար Սիգրիդ Կաախի միջև մանրամասն քննարկում է ծավալվել Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի և հետագա զարգացումների շուրջ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, վերոնշյալ քննարկման ընթացքում Նիդերլանդների տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող պատգամավորները ԱԳ նախարարին ուղղել են տասնյակ հարցեր ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքների, ԵՄ-Ադրբեջան համագործակցությունը դադարեցնելու, Ադրբեջանի ղեկավարության նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու, ագրեսիայի հետևանքները վերացնելու, Թուրքիայի սադրիչ դերակատարման և համանման այլ թեմաների վերաբերյալ։
 
 
Նիստից առաջ Նիդերլանդների ԱԳ նախարար Սիգրիդ Կաախը 4 էջանոց նամակ էր ուղղել խորհրդարանին (ի կատարումն նախորդ քննարկման ստանձնած պարտավորության), որում անդրադարձ է կատարել Ղարաբաղյան հիմնախնդրի պատմությանը, կարգավորման գործընթացին, Արցախի դեմ սանձազերծված ագրեսիային, ինչպես նաև հետպատերազմական զարգացումներին և հայ ռազմագերիների անհապաղ հայրենադարձման անհրաժեշտությանը։
 
Մասնավորապես, խորհրդարանին ուղղված նամակում Սիգրիդ Կաախը վերահաստատել է Նիդերլանդների դիրքորոշումը միջազգային միասնական գործողությամբ նպաստելու հակամարտության վերջնական կարգավորմանը՝ հավելելով, որ Նիդերլանդները մտադիր է այսուհետ ևս շարունակել ԵՄ և ԵԱՀԿ շրջանակներում տարվող աշխատանքները։ Բացի այդ, Սիգրիդ Կաախը վերահաստատել է նիդերլանդական կողմի այն դիրքորոշումը, համաձայն որի «բոլոր ռազմագերիները պետք է անհապաղ հայրենադարձվեն»՝ մասնավորեցնելով, որ Նիդերլանդները շարունակելու է սույն հարցի բարձրաձայնումը։
 
ԱԳ նախարարի պաշտոնակատարը նամակում նաև անդրադարձ է կատարել այսպես կոչված «Ռազմական ավարի պուրակի» բացմանը, նշելով, որ նման քայլերը «թշնամանք են հրահրում»: Սիգրիդ Կաախը վերահաստատել է մշակութային ժառանգության պահպանման կարևորությունը և շեշտել ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության գործուղումը տարածաշրջան, ռազմական հանցագործությունների համար պատասխանատվություն ենթարկելու անհրաժեշտությունը, անդրադարձ կատարել հակամարտության արդյունքում տուժածներին հումանիտար օգնության հատկացման հարցին և սահմանազատման ու վստահության վերականգնման հարցերում ԵՄ հնարավոր աջակցությանը։
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play