Ռուսաստանի և ԱՄՆ գագաթնաժողովի դրական և բացասական արդյունքները


Ռուսաստանի և ԱՄՆ գագաթնաժողովի դրական և բացասական արդյունքները

  • 17-06-2021 13:32:29   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Ժնևում ավարտվեցին Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջոզեֆ Բայդենի բանակցությունները: Դա 2018-ից ի վեր առաջին ռուս-ամերիկյան գագաթնաժողովն էր, ինչպես նաև Պուտինի ու Բայդենի՝ որպես պետությունների ղեկավարների, առաջին դեմ առ դեմ հանդիպումը: Միջազգային ԶԼՄ-ներն ու հանրությունը քննարկում են այդ հանդիպումը, փորձում հասկանալ դրա դրական ու բացասական արդյունքները:
 
Առաջին դրական ու հուսադրող փաստն այն է, որ գագաթնաժողովը կայացավ, չնայած կողմերի միջև լուրջ տարաձայնություններին: Երկու խոշորագույն տերությունների ղեկավարներն, այնուամենայնիվ, դեմ առ դեմ հանդիպեցին և նստեցին բանակցությունների սեղանի շուրջ, իսկ դա հուշում է, որ դիվանագիտությունը դեռևս առաջնային է միջազգային քաղաքականության մեջ:
 
Պուտինի և Բայդենի համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ մտադիր են երկխոսություն սկսել ռազմավարական կայունության վերաբերյալ:
 
«Մենք ձգտում ենք դնել զենքի վերահսկման և ռիսկերի մեղմացման ապագա միջոցառումների հիմքը», - ասված է հայտարարության մեջ:
 
Առաջիկայում Ռուսաստանը և ԱՄՆ-ն մտադիր են խորհրդակցություններ սկսել կիբերանվտանգության, բանտարկյալների փոխանակման և զենքի վերահսկման վերաբերյալ:
 
Երկու նախագահի հանդիպման արդյունքում լուծվել է դեսպանների վերադարձի հարցը: Մարտին նրանց փոխադարձ հետկանչով ռուս-ամերիկյան հարաբերությունները հայտնվեցին ամենացածր մակարդակում:
 
Պուտին-Բայդեն հանդիպումն ուներ նաև բացասական կողմեր: Նախագահների միջև որոշակի պայմանավորվածություններ ձեռք չբերվեցին, ինչն, իրականում ոչ ոք չէր էլ սպասում առաջին հանդիպումից: Վերջին տարիներին երկու երկրի հարաբերություններում կուտակվել են չափազանց շատ չլուծված խնդիրներ, որոնք հնարավոր չէ լուծել մեկ հանդիպման ընթացքում:
 
Տարաձայնությունները վերաբերում են հիմնականում մարդու իրավունքների թեմային, որին երկու նախագահն այլ կերպ են նայում: Մոսկվան այն տեսակետն ունի, որ Ռուսաստանում ոչ համակարգային ընդդիմության հետ փոխգործակցության պրակտիկան քիչ է տարբերվում արևմտյան երկրներում աշխատելու մեթոդներից: Պուտինը Բայդենին հիշեցրել է Ֆլոյդի սպանությունն ու դրա պատճառով ԱՄՆ-ում սկսված անկարգությունները և խոստացել, որ նման իրադարձությունների կրկնություն Ռուսաստանում թույլ չեն տա:
 
ԱՄՆ նախագահն էլ իր հերթին հասկացրել է Պուտինին, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահը բանտում աղետալի հետևանքներ կունենա Ռուսաստանի համար համաշխարհային ասպարեզում:
 
Ինչևէ, երկու նախագահը հանդիպումը համարել են կառուցողական և բարձր են գնահատել միմյանց մարդու ու ղեկավարի արժանիքները:
 
Պուտինը Բայդենին անվանել է հավասարակշռված և փորձառու զրուցակից, ինչը ենթադրում է, որ առաջնորդներին հաջողվել է ընդհանուր լեզու գտնել:
 
«Կարող եմ ասել, որ Բայդենը շատ կառուցողական, հավասարակշռված, փորձառու անձնավորություն է, ինչպես ես ակնկալում էի », - ասել է Ռուսաստանի նախագահը՝ գագաթնաժողովի ավարտին, պատասխանելով լրագրողների հարցերին:
 
ԱՄՆ նախագահն էլ նշել է, որ չնայած տարաձայնություններին, բանակցություններում մթնոլորտը դրական էր և նպաստում էր փոխըմբռնմանը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը