Ներքաղաքական մթնոլորտում լարվածություն կա, արձանագրել են ՀՀ նախագահն ու դիտորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ ԽՎ պատվիրակությունը


Ներքաղաքական մթնոլորտում լարվածություն կա, արձանագրել են ՀՀ նախագահն ու դիտորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ ԽՎ պատվիրակությունը

  • 17-06-2021 17:23:52   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստանում գտնվող ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությանը՝ ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահ Մարգարետա Սեդերֆելթի գլխավորությամբ:
 
Ինչպես տեղեկանում ենք նախագահի աշխատակազմից, Հայաստանի նախագահը բարձր է գնահատել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի արագ արձագանքը՝ դիտարկելու հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները:
 
Դիտորդական պատվիրակության անդամները Հանրապետության նախագահին են ներկայացրել առաքելության մանդատը և ընտրական գործընթացի վերաբերյալ իրենց դիտարկումները:
 
Ընդգծելով, որ նախընտրական քարոզարշավը հասել է իր բարձրակետին, իսկ ներքաղաքական մթնոլորտում լարվածություն կա, Հանրապետության նախագահն ասել է, որ ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու դաշինքները պետք է դրսևորեն առավելագույն պատասխանատվություն, զսպվածություն ու հանդուրժողականություն:
 
Կարևորելով հասարակական համերաշխությունն ու երկրի կայունությունը՝ նախագահ Սարգսյանն անթույլատրելի և անընդունելի է համարել ատելության կամ թշնամանքի, առավել ևս՝ բռնության ու սպառնալիքի կոչերը և նշել, որ քաղաքական ուժերն ու գործիչները պետք է ձեռնպահ մնան այդպիսի գործելակերպից:
 
Զրուցակիցները նշել են, որ ակնկալում են արդար, ազատ ու թափանցիկ ընտրություններ:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն