Հայաստանի արտաքին քաղաքականությունն ու դիվանագիտությունը տոտալ տապալված են, հրատապ գործել է պետք. Սուրեն Սարգսյան


Հայաստանի արտաքին քաղաքականությունն ու դիվանագիտությունը տոտալ տապալված են, հրատապ գործել է պետք. Սուրեն Սարգսյան

  • 18-06-2021 18:04:05   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է
 
 «Հուսամ շատ շուտով մենք կունենանք ռեալպոլիտիկից բխող պրագմատիկ արտաքին քաղաքականություն: Դրա այլընտրանքը վերջնական կործանումն է:
 
Վերջին երեք տարիներին Հայաստանի իշխանությունները կարողացել են միաժամանակ հարաբերություններ փչացնել բոլոր աշխարհաքաղաքական կենտրոնների և մեզ համար ռազմավարական նշանակություն ունեցող մայրաքաղաքների հետ: 
 
Հայաստանի արտաքին քաղաքականությունն ու դիվանագիտությունը տոտալ տապալված են: 
 
Հայաստանը ինքնաիզոլացվել է միջազգային հանրությունից և միջազգային քաղաքականությունից, պրոֆեսիոնալիզմի բացակայության և անադեկվատ որոշումների կայացման պատճառով: 
 
Հայ-ռուսական հարաբերությունները բացարձակապես չեն համապատասխանում ռազմավարական դաշնակիցներին բնորոշ հարաբերություններին: 
 
Հայ-ամերիկյան հարաբերությունները գտնվում են պատմականորեն ամենացածր մակարդակի վրա: Միակ օրակարգային հարցը ամերիկյան օգնության տրամադրման հարցն է: 
 
Հայ-չինական հարաբերությունները, որոնք մշտապես եղել են երկկողմ հարաբերությունների էտալոն, վերջին երեք տարիների ընթացքում ստացել են անադեկվատ բնույթ: 
 
Եվրպական Միության ուղղությամբ որևէ լուրջ քայլեր չեն ձեռնարկվում, չի ձևավորվում ադեկվատ օրակարգ: Ամբողջ օրակարգը պտտվում է բացառապես ԵՄ-ից եկող ֆինանսական աջակցության շուրջ: 
 
Լուրջ համագործակցություն չկա ՀԱՊԿ-ի, ՄԱԿ-ի, ՆԱՏՕ-ի և այլ միջազգային կառույցների հետ, որոնց մենք անդամակցում ենք կամ համագործակցում ենք երկկողմ անհատական ծրագրերով: 
 
Մեր վարած քաղաքականությունից ընդհանրապես գլուխ չեն հանում մեր հարևան և բարեկամ Իրանն ու Վրաստանը:
 
Հրատապ գործել է պետք՝ դառնալու համար կանխատեսելի, ադեկվատ, վստահելի գործընկեր: Մեր պրագմատիկ՝ այլ ոչ թե չհաշվարկված որոշումները աշխարհի կողմից ընկալելի են լինելու»:
 
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն