Գորիսի «Գուսան Աշոտ» մշակույթի կենտրոնի տնօրենը կալանավորվել է


Գորիսի «Գուսան Աշոտ» մշակույթի կենտրոնի տնօրենը կալանավորվել է

  • 19-06-2021 12:04:23   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված քննչական և դատավարական այլ  գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են մշակույթի կենտրոնի աշխատակցին նախընտրական քարոզարշավին մասնակցելուն խոչընդոտելու դեպքերի հանգամանքները:
 
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Գորիսի համայնքապետարանի ենթակայությամբ գործող «Գուսան Աշոտ» մշակույթի կենտրոնի տնօրենը, ունենալով կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, ինչպես նաև նշված կենտրոնի աշխատակիցների՝ իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվելու հանգամանքը, նույն կենտրոնի գրադարանավարին և մյուս աշխատակիցներին հարկադրել է մասնակցել «Հայաստան» դաշինքի կողմից 2021թ. հունիսի 7-ին Գորիս համայնքում կազմակերպված նախընտրական քարոզչությանը, այնուհետև 2021թ. հունիսի 15-ին աշխատանքից ազատելու սպառնալիքով՝ գրադարանավարին  խոչընդոտել է մասնակցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքին:
 
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ մշակույթի կենտրոնի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149.1-ին հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
 
Նախաքննությունը շարունակվում է:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
ՀՀ քննչական կոմիտե
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն