Դավիթ Գալստյանի հայտարարությունը

19-06-2021 12:23:52   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
Հարգելի՛ հայրենակիցներ,
 
Այսօր նախ ադրբեջանական, այնուհետև նաև հայաստանյան մամուլով տարածվեցին տեղեկություններ առ այն, որ  Ադրբեջանի Հանրապետության դատախազությունը  իմ նկատմամբ հարուցել է քրեական գործ՝ մաքսանենգ օդային ճանապարհով ապօրինի զենք-զինամթերք մատակարարելու դեպքի առթիվ. այդ գործով ինձ ներգրավվել են որպես մեղադրյալ և հայտարարել միջազգային հետախուզում։
 
​Կարծում եմ՝ բոլորի համար պարզ են նշված քրեկան գործի շինծու հիմքերը և դրա նպատակները։
 
Ի լուր աշխարհի հայտարարում եմ, որ ես երբեք որևէ անօրինական եղանակով զենքի մատակարարում չեմ իրականացրել: Բոլոր մատակարարումները կատարվել են զենքի առևտրային հարաբերություններում գործող միջազգային պահանջների և չափորոշիչների խստիվ
պահպանմամբ։
 
Ցավում եմ, որ ինչպես պատերազմից առաջ, այնպես էլ դրանից հետո Հայաստանի Հանրապետությունում բարոյականությունից զուրկ և  ոլորտից բացարձակ գիտելիքներ չունեցող Ազգային ժողովի պատգամավորներ, պետական պաշտոնյաներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև նախկին և ներկա այլ պաշտոնյաներ հրապարակայնորեն սկսեցին կեղծ տեղեկություններ տարածել իմ և իմ գործունեության մասին, որից հետո իմ նկատմամբ սկսվեց քրեական հետապնդում: Այդ անձանց ազդեցությամբ իրավապահ և դատական համակարգի համատեղ ջանքերով ես շուրջ 4 ամիս գտնվում էի անազատության մեջ։ Ակնհայտ դիտավորությամբ և մանիպուլյացիաների միջոցով կեղծ տեղեկություններ սկսվեցին տարածվել նաև տարբեր լրատվական հարթակներում  և պետական մարմինների պաշտոնական կայքերում։
 
Հենց այդ տեղեկություններից օգտվելով, դրանց հղումեր անելով էլ Ադրբեջանի Հանրապետությունն այժմ կեղծ և շինծու քրեական գործերի միջոցով փորձ է անում ամեն գնով խոչընդոտել Հայաստան զենքի մատակարարումը։ Չնայած մեր բոլոր նախազգուշացումներին, իրավապահ համակարգը  շարունակում է իրականացնել քրեական հետապնդում՝ սահմանափակելով իմ ազատ տեղաշարժման իրավունքը։ Այս ամենից իհարկե չէր կարող չօգտվել Ադրբերջանը, որը
փորձ է անում նաև իր կեղտոտ խաղերի և ծուղակների մեջ ներքաշել  հայ խոշոր գործարարներին՝ թիրախավորելով  հայկական բիզնեսը արտերկրում։
 
​Անկախ իմ նկատմամբ ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Հայաստանում իրականացվող ապօրինի քրեական հետապնդումներից և  ճնշումներից՝ ես հրապարակային հայտարարում եմ, որ շարունակելու եմ անմնացորդ նվիրումով ծառայել իմ հայրենիքին,  իմ հնարավորությունների ամբողջ ներուժով նպաստել հայրենիքիս հզորացմանը։
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 191 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար