Ռուս-թուրքական տանդեմն անէանալու է դրա սպասարկուների հետ միասին

19-06-2021 17:48:17   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



Lragir.am-ը գրում է. «Այսօր լռության օր է անցյալ տարվա նոյեմբերի 9-ից երեւանյան փողոցներում ու մեդիայում սկսած ահավոր աղմուկից, ողբ ու կականից, քաղաքական մառազմից ու անհեթեթություններից հետո: Առաջին հայացքից միայն «ներքաղաքական պայքարն» իրականում արագորեն վերածվեց Հայաստանի դեմ ռուս-թուրքական ագրեսիայի շարունակության: Եռակողմի հեղինակներին ու շահառուներին դա էր անհրաժեշտ՝ պատերազմի ծանր կորուստներից հետո ներսից քանդել հայ հանրության դիմադրության, բնական ռեւանշի կամքը:

Այդ գործը ստանձնեց երեւանյան փողոցներում դեգրադացվող 17 կուսակցությունների միավորում-Հայրենիքի փրկության շարժումը (ճակատագրի ինչպիսի հեգնանք), իսկ ՌԴ դեսպանատան բաց հրահանգավորումից հետո՝ արտահերթ ընտրությանը նախկին նախագահներին հարող դաշինքները: Քարոզչական պրիմիտիվ կաղապարներ, ռուսական հատուկ ծառայությունների կոյուղատարներից նետվող «արտահոսքեր» ու գաղտնալսումներ՝ ուղղված Ռուսաստանի գործողությունների արդարացմանը:
 
Եվ անթաքույց ձգտում՝ Ռուսաստանի օգնությամբ իշխանության գալու: Այլապես ինչով բացատրել այն հանգամանքը, որ այս խմբերը նոյեմբերի 9-ից ի վեր ոչ մի անգամ չեն դատապարտել
Բաքվի ագրեսիան, չեն դրել Արցախի ճանաչման կամ վերամիավորման հարցերը, չեն դատապարտել Բաքվի ներխուժումները Հայաստանի տարածք (մատների վրա հաշվվող դեպքեր կան, սակայն պարզվեց՝ հենց այնպես արված հայտարարություններ): Եռակողմ հայտարարությունը հռչակելով դավաճանական՝ հավատարմություն են հայտնել դրան, հայտարարելով, թե ավելի լավ կկատարեն այն: Եվ ամենագլխավորը՝ հայտարարել են, որ պատերազմը Հայաստանն է հրահրել, եւ իրենք հասնելու են «արժանապատիվ խաղաղության», իմա՝ դեմ չեն գնալու Հայաստանի մասնատման ու ինքնիշխանության վերացման Լավրովյան պլանին:
 
Արդյոք չեն պատկերացրել, թե ինչ է կատարվել սեպտեմբերի 27-նոյեմբեր 9-ին, եւ դրանից հետո: Դժվար է հավատալ, հատկապես այն բանից հետո, երբ ՌԴ առաջին դեմքերն իրենք խոստովանեցին շատ հանգամանքներ, որոնց մասին այս ամիսներին խոսում ու գրում էին հազվադեպ զլմ-ներ ու քաղաքական մեկնաբաններ:
 
Իր հերթին, վարչապետն ու կառավարությունը, գտնվելով ներքին ու արտաքին ահռելի ճնշման տակ, որին ավելանում էին նաեւ Մոսկվայից հրահրված անկանոն պատերազմի տարրերը՝ ներխուժումներ ՀՀ տարածք, պատանդառություն եւ այլն, ի վիճակի չեղավ մշակել որոշակի ռազմավարություն՝ ստեղծված իրավիճակը շրջելու համար: Հանուն արդարության պետք է նշել օբյեկտիվ խոչընդոտները, սակայն դրանք չեն արդարացնում կառավարության պահվածքը: Կիսատ-պռատ քայլերը, Մոսկվայի կողմ երբեմն-երբեմն արվող ակնարկներն ավելի շատ արվում էին սեփական դիրքերը պահելու մղումից: Խորհրդարանում պատերազմի հանգամանքների, Արցախի խնդրի, կարգավիճակի քննարկումներից հրաժարվելը, միջազգային լեգիտիմ ատյաններին չդիմելն ավելի են բարդացրել իրավիճակը:
 
Նոյեմբերի 9-ը կապիտուլյացիա չէր, այլ՝ ժամանակավոր նահանջ: Ռուս-թուրքական համաձայնություններն անօրինական են եւ չեն ճանաչվում միջազգային հանրության ու լեգիտիմ կառույցների կողմից: Մոսկվա-Բաքու-Անկարա եռյակը ձգտում է լեգիտիմացնել եռակողմ փաթեթը՝ վերածելով Հայաստանի կապիտուլյացիայի: Պարտությունն ու սողացող կապիտուլյացիան տեղի են ունենում ներկայում, մոսկովյան սցենարով ու մտահղացմամբ հայկական նոր խորհրդարանը պետք է կատարի այդ
գործը:
 
Նախկին նախագահներին հարող ռուսական ուժերը, որոնք քարոզում են Լավրովի պլանի անայլընտրանքայնությունը, կառավարությունը, չնայած դիմադրություն հիշեցնող իր կիսատ-պռատ քայլերին, պետք է նկատի ունենան հետեւյալը՝ հանրության լայն շերտերը, որոնք այս ամիսներին անհաղորդ էին կառավարություն-ռուսական ուժեր թամաշային, հստակ տարանջատում են՝ որն է ժամանակավոր նահանջը եւ որն է կապիտուլյացիան, պարտությունն ու դավաճանությունը: Թանկ գնով, բայց այդ գիտակցումը եկել է: Ռուսական կոյուղատարների թեզերով մերկությունը ծածկել չի հաջողվի:
 
Հայկական ողորմելի քաղաքական դասից անդին՝ Հայրենիքի համար հազարավոր նահատակների կռիվն անհետեւանք չի լինելու՝ ռուս-թուրքական տանդեմն անէանալու է դրա սպասարկուների հետ միասին»:
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 269 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար